24 Սեպտեմբերի 2021, 1565 - Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 344-Ն, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 346-Ն, 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 401-Ն ՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 350-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով և 15-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 344-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 346-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանների սարքավորումները մրցույթով ընտրված մատակարարող կազմակերպության միջոցով ձեռք բերելու մասին» N 401-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման և տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շջանառության կարգը հաստատելու մասին» N 350-Ն որոշումները:
3. 2023 թվականի հունվարի 1-ից տեխնիկական զննության կայաններում օգտագործվող՝ սույն որոշման հավելվածի N 3 ցանկի 5-րդ և 8-րդ կետերով սահմանված տեխնիկական արատորոշման միջոցները պետք է հնարավորություն ունենան տվյալները փոխանցելու տեխնիկական զննության միասնական շտեմարանին։
4. Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, սույն որոշման հավելվածի N 2 ցանկի՝ շարժիչը և դրա համակարգերն ստուգման աշխատանքների 1-ին և 2-րդ կետերով հայտնաբերված անսարքությունների դեպքում արատորոշման քարտում կատարվում է համապատասխան նշում, որի մասին տեղեկացվում է տրանսպորտային միջոցի տիրապետողին կամ սեփականատիրոջն անսարքությունը մինչև 2023 թվականի հունիսի 1-ը վերացնելու մասին։
5. Շրջանառության մեջ գտնվող տեխնիկական զննության այն կտրոնները, որոնք ձեռք բերողները տրանսպորտային միջոցները չեն ներկայացրել տեխնիկական զննության կայան տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության ծառայություն ստանալու համար, կարող են ներկայացվել մինչև 2022 թվականի հունվարի 30-ը։ Սույն դեպքերում կայանները կարող են կտրոնների հավելվածները ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ծառայությունների մատուցման դիմաց վճարում ստանալու համար։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: