20 Հոկտեմբերի 2011, 1510 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ, ԱՅԴ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 6-րդ հոդվածներով և 13-րդ հոդվածի 3.1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողական-ների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ 2012 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների աշխատողները կպարգևատրվեն 2011 թվականի 2-րդ կիսամյակի կատարողականների արդյունքների հիման վրա։
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում, որտեղ դեռևս ներդրված չէ աշխատանքային ծրագրերի կազմման և կատարողականների գնահատման համակարգը, պարգևատրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մինչև սույն որոշմամբ հաստատված կարգն ուժի մեջ մտնելը գործող նորմերին համապատասխան։
4. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակելիս նախատեսել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների աշխատողների՝ կատարողականների հիման վրա պարգևատրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները։
5. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո աշխատանքային ծրագրերի կազմման և կատարողականների գնահատման գործընթացները համապատասխանեցնել սույն որոշմամբ հաստատված կարգին։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների համար, ելնելով այդ ստորաբաժանումների կողմից կատարվող աշխատանքների բնույթից, նախատեսել աշխատանքային ծրագրերի կազմման և կատարողականների գնահատման առանձնահատկություններ։
7. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում 2012 թվականի աշխատանքային ծրագրերի կազմումը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրումը և հաստատման իրականացման գործընթացն սկսվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։