Կառավարության որոշումներ

30 Հուլիսի 2009, 1039 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ` ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող «Մարջան» կոչվող տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, պետական սեփականություն հանդիսացող 1885.0 հեկտար հողերը, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության 1710.0 հեկտար արոտավայր, անտառային հողերից 175.0 հեկտար անտառ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա` ընդերքօգտագործման նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված հողերն օգտագործման տրամադրելու և օտարելու մասին պայմանագրերում պարտադիր նախատեսել հողօգտագործողի (նոր սեփականատիրոջ) պարտավորություն` այդ հողերի՝ սույն որոշման 1-ին կետում նշված նպատակային օգտագործումը նախօրոք համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի հետ` նկատի ունենալով դրանցում պատմամշակութային արժեք ունեցող նորահայտ օբյեկտների հնարավոր առկայությունը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված