8 Հունվարի 2009, 54 - Ն
ԲԵՌՆԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԿՇՌՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԲԵՌՆԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿՇՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տարածքներում բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի կիրառման մասին» համաձայնագրի պահանջների ապահովման համար իրավասու մարմին ճանաչելու մասին» N 491-Ա որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) բեռնատար տրանսպորտային միջոցների լիազորված կշռման կայաններին ներկայացվող պահանջները, միջազգային հավաստագիր տալու և օգտագործելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի ձևաթուղթը` համաձայն N 2 հավելվածի.
3) բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի ձևաթղթի նկարագիրը` համաձայն N 3 հավելվածի։
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման հավաստագիրը տրամադրող լիազորված կշռման կայաններն ընտրվում են մրցութային կարգով։
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման հավաստագիր տրամադրող լիազորված կշռման կայանների ընտրության մրցութային կարգը.
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի ձևաթղթի տպագրման և ներդրման գործառույթների հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից համապատասխան գումար հատկացնելու վերաբերյալ առաջարկություն։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։