Արձանագրային որոշումներ

25-48

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման մրցութային փաթեթը մշակելու մեթոդաբանությանը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել, որ եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծել եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման մասնագիտական երկու աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խմբեր)`
1) իրավական և մեթոդական հարցերի աշխատանքային խումբ (այսուհետ` խումբ N 1).
2) համակարգչային և տեխնիկական հարցերի աշխատանքային խումբ (այսուհետ` խումբ N 2):
4. Հաստատել`
1) N 1 խմբի ներկայացուցչական կազմը` համաձայն N 2 հավելվածի.
2) N 2 խմբի ներկայացուցչական կազմը` համաձայն N 3 հավելվածի:
5. Սահմանել, որ`
1) N 1 խումբը համարվում է ձևավորված N 2 հավելվածով սահմանված մարմինների ներկայացուցիչների թեկնածությունները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնելու և աշխատանքային խմբի ղեկավար նշանակվելու պահից: N 1 խմբի ղեկավարին նշանակում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը` համապատասխան հրամանով.
2) N 2 խումբը համարվում է ձևավորված N 3 հավելվածով սահմանված մարմինների ներկայացուցիչների թեկնածությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին ներկայացնելու և աշխատանքային խմբի ղեկավար նշանակվելու պահից: N 2 խմբի ղեկավարին նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը` համապատասխան հրամանով.
3) N 1 խմբի լիազորություններն են`
ա. եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման օրենսդրական հակասություններն ու բացերը վերհանելը և Հայաստանի Հանրապետության վարչա-պետի 2010 թվականի փետրվարի 4-ի <<Կենսաթշակային բարեփոխումների իրականացումն ապահովելու մասին>> N 58-Ն որոշմամբ ստեղծված կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող կառավարման խորհրդին (այսուհետ` խորհուրդ) ներկայացնելը,
բ. N 2 խմբի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ օպերատիվ մեթոդական օժանդակությունը, օրենսդրական լուծում պահանջող հարցերի ամփոփումը և խորհրդին ներկայացնելը,
գ. եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման համար ընտրված կազմակերպությանը (այսուհետ` ընտրված կազմակերպություն) եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ֆունկցիոնալ պահանջները մշակելու (ամբողջացնելու) աշխատանքներում մեթոդական (բովանդակային) աջակցություն տրամադրելը, մշակված ֆունկցիոնալ պահանջների վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալը,
դ. ընտրված կազմակերպության և կենսաթոշակային բարեփոխումների գործընթացում ներգրավված մարմինների (կազմակերպությունների) մեթոդական (բովանդակային) համագործակ-ցությունն ապահովելը,
ե. ընտրված կազմակերպության կողմից մշակված մոդուլների և ամբողջական ծրագրի փորձարկումը, համակարգի ֆունկցիոնալ պահանջների և մշակված ծրագրի համապատաս-խանության վերաբերյալ մեթոդական մասնագիտական եզրակացություններ տալը,
զ. եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման աշխատանքների իրականացման և սահմանված ժամկետների պահպանման նկատմամբ մեթոդական մշտադիտարկումը.
4) N 2 խմբի լիազորություններն են`
ա. եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման մրցութային փաթեթը մշակելը (ամբողջացնելը)` հիմք ընդունելով ԱՄՆ ՄԶԳ-ի մշակած նյութերը (որպես օժանդակ նյութ),
բ. ընտրված կազմակերպությանը եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ֆունկցիոնալ պահանջները մշակելու (ամբողջացնելու) աշխատանքներում աջակցություն տրամադրելը, մշակված ֆունկցիոնալ պահանջների վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալը,
գ. ընտրված կազմակերպության և կենսաթոշակային բարեփոխումների գործընթացում ներգրավված մարմինների (կազմակերպությունների) համագործակցությունն ապահովելը,
դ. ընտրված կազմակերպության կողմից մշակված մոդուլների և ամբողջական ծրագրի փորձարկումը, համակարգի ֆունկցիոնալ պահանջների և մշակված ծրագրի համապատաս-խանության վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ տալը,
ե. եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման աշխատանքների իրականացման և սահմանված ժամկետների պահպանման նկատմամբ մշտադիտարկումը.
5) N 1 խումբը հաշվետու է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին.
6) N 2 խումբը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին.
7) եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքում պարտադիր ներառել համապատասխան դրույթ, որի համաձայն ընտրված կազմակերպությունն անձնավորված հաշվառման համակարգի գործարկումից հետո պարտավոր է առնվազն հինգ տարի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում ապահովել անձնավորված հաշվառման համակարգի սպասարկման և ուսուցման աշխատանքների իրականացումը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի մշակման և ներդրման (կիրարկման) համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների վերաբերյալ նախնական գնահատականը (ներառյալ հաշվարկներն ու հիմնավորումները).
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընտրված կազմակերպության հետ եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման ծառայությունների ձեռքբերման պայմանագիր կնքելը` <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով (առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգի):
7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում, հիմք ընդունելով սույն որոշման 2-րդ կետի դրույթը, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել <<Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին գումար հատկացնելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
8. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքային խմբերի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ:
9. Աշխատանքային խմբերի ղեկավարներին` մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխա-տանքային օրը Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի փետրվարի 4-ի N 58-Ն որոշմամբ ստեղծված` կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդին ներկայացնել տեղեկատվություն եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքային խմբերի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ:
10. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապե-տության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` եռօրյա ժամկետում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել մասնագիտական աշխատանքային խմբերի ներկայացուցիչների թեկնածությունները:


Հավելված

30 Հունիսի 2011