33-26
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԾՐԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագծին` հիմք ընդունելով Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման իրագործելիության ուսումնասիրության նախնական արդյունքները (տեխնիկատնտեսական հիմնավորումը) ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` կոնցեսիոների կողմից միջազգային ստանդարտների համաձայն ներկայացված կոորդինատային չափագրման տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագծի կոորդինատների տիրույթում ընդգրկված հողերի նպատակային նշանակության և կադաստրային արժեքների վերաբերյալ` հաշվի առնելով օտարման շերտի նախնական չափերը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին` յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում՝ սույն որոշման 2-րդ կետի տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագծում փոփոխություն կատարելու վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`
1) սույն որոշման 3-րդ կետում նշված առաջարկություններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ամփոփել դրանք և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագծում փոփոխություն կատարելու վերաբերյալ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը (ճանապարհային քարտեզ).
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրի կառավարման սկզբունքների և մեխանիզմների վերաբերյալ:
7 Օգոստոսի 2014