Արձանագրային որոշումներ

22-34

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածը, որի համաձայն օրենքի հիմնական նպատակներից են ռադիոհաճախականությունների տիրույթի արդյունավետ օգտագործման ապահովումը, ծառայությունների տեսականու ավելացումը և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման խթանումը, եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ԵՄ-ՀՀ գործողությունների ծրագրի 4.6.3-րդ կետի 4-րդ ենթակետը, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է անալոգ ռադիո- և հեռուստատեսային հեռարձակումից անցնել թվայինի և ոլորտում առկա ստանդարտները համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին, նպատակ ունենալով խրախուսելու արդյունավետ ներդրումները ենթակառուցվածքներում և խթանելու նորարարությունը և հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 10-րդ հոդվածները`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերանայել Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը՝ հաշվի առնելով թվայնացման արդյունքում ընձեռվող հնարավորությունները, և թվայնացման գործընթացի շրջանակում ազատվող հաճախականության հատվածը (այսուհետ՝ տրամադրվող հաճախականություն) տրամադրել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ կարգավորող) կառավարմանը:
2. Առաջարկել կարգավորողին`
1) հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի դրույթները` տրամադրվող հաճախականության հատվածից 20 ՄՀց գումարային հաճախականությունների շերտի օգտագործման թույլտվություն ստանալու համար անցկացնել մրցույթ՝ շարժական լայնաշերտ ինտերնետ ծառայություններ տրամադրելու նպատակով.
2) որ սույն արձանագրային որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված մրցույթը կազմակերպվի և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձին օգտագործման թույլտվությունը տրամադրվի առնվազն հետևյալ պայմաններով`
ա. տրամադրվող հաճախականության հատվածից 20 ՄՀց գումարային շերտի օգտագործման թույլտվության համար մրցույթի սկզբնական գին նախատեսել 6.225.000.000 դրամ,
բ. նախատեսել, որ տրամադրվող հաճախականության օգտագործման թույլտվությունը հաղթողին կտրամադրվի համապատասխան հաճախականությունների շերտն ազատվելուց անմիջապես հետո,
գ. նախատեսել, որ հաղթող կազմակերպությունը տրամադրվող հաճախականության օգտագործման թույլտվության ստացման օրվանից մեկ տարվա ընթացքում կպարտավորվի ապահովել Երևան քաղաքի և հարակից հիմնական համայնքներում լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթ,
դ. նախատեսել, որ հաղթող կազմակերպությունը տրամադրվող հաճախականության օգտագործման թույլտվության ստացման օրվանից երկու տարվա ընթացքում կպարտավորվի ապահովել Հայաստանի Հանրապետության միջպետական մայրուղիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակավայրերի առնվազն 80 տոկոսում լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթը, ընդ որում, նշվածը պետք է ներառի Սևան, Ծաղկաձոր, Ջերմուկ, Դիլիջան քաղաքների տարածքները, Երևան քաղաքը Դիլիջան, Ծաղկաձոր և Սևան քաղաքներին միացնող մայրուղիներն ամբողջությամբ, ինչպես նաև Երևան քաղաքը Ջերմուկ քաղաքին միացնող մայրուղու 95 տոկոսը,
ե. նախատեսել, որ հաղթող կազմակերպությունը ծածկույթ ապահոված տարածքներում իրավունք է ստանում տրամադրվող հաճախականության տիրույթի կիրառմամբ տրամադրելու շարժական ձայնային կապի ծառայություններ՝ ինտերնետի միջոցով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել համապատասխան գանձապետական հաշիվների բացումը` սույն գործարքի իրականացման համար անհրաժեշտ գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե գանձելու համար:

 

6 Հունիսի 2013