Արձանագրային որոշումներ

11-36

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԴԻՐ ՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆ ՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողերը սահմանակից համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու հետևանքով առաջացած խնդիրների կարգավորման նպատակով`
1. Պետական սեփականություն հանդիսացող հողերը սահմանակից համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու հետևանքով առաջացած խնդիրների գույքագրման, դրանց կարգավորմանն ուղղված առաջարկությունների մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ։
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին՝ 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմի վերաբերյալ:
3. Միջգերատեսչական աշխատանքային խմբին՝
1) վերհանել և գույքագրել մինչև 2012 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ կամ այլ պետական մարմիններ մուտք եղած դիմումներն ու առաջարկությունները.
2) բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել մինչև 2012 թվականի սեպտեմբերի 1-ը։
4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝
1) օրենքով սահմանված կարգով ապահովել ցանկացած համայնքի վարչական սահմաններում ընդգրկված` պետական, պահուստային հողերի փաստացի հողօգտագործողների հողի նկատմամբ իրավունքները լիարժեք և ժամանակին ձևակերպելու գործընթացը.
2) սահմանված կարգով իրականացնել մրցույթներ` նախկինում Հայաստանի Հանրապետության համայնքներին ամրացված 2-րդ և այլ հատվածներում ընդգրկված հողերն այլ համայնքների վարչական սահմաններում ընդգրկվելու դեպքում պետական սեփականության հողամասերի երկարաժամկետ վարձակալության տրամադրելու համար, որպեսզի նախկին հողօգտագործողները շարունակեն դրանց օգտագործումը.
3) համայնքների ղեկավարների հետ համատեղ համայնքների բնակիչներին պարզաբանումներ և մանրամասներ ներկայացնել նշված գործընթացների վերաբերյալ։

 

22 Մարտի 2012