Արձանագրային որոշումներ

4-19

50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂՆԵՐԻ) 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի`
1. Ընդունել ի գիտություն 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2010 թվականի գործունեության նկատմամբ հսկողության իրականացման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`
1) քննարկել վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից 2010 թվականին իրականացված ստուգումների արդյունքում բացահայտված և ամփոփ հաշվետվությամբ արձանագրված խախտումների առաջացման պատճառները, ձեռնարկել միջոցներ՝ փաստաթղթերով չհիմնավորված, անարդյունավետ և ոչ նպատակային, նախահաշվից ավելի կատարված ծախսերի կրճատման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ պայմանագրերով նախատեսված նորմերի խախտումներ, աշխատանքների և ծառայությունների հավելագրումներ թույլ չտալու համար.
2) ապահովել ամփոփ հաշվետվությամբ արձանագրված ֆինանսական խախտումների փաստերի առնչությամբ անհրաժեշտ վերաձևակերպումների և համապատասխան հաշվապահական ձևակերպումների կատարումը.
3) ձեռնարկել համապատասխան միջոցներ` ամփոփ հաշվետվությամբ արձանագրված ֆինանսական խախտումների հետևանքով ընկերություններին և պետությանը պատճառված վնասների վերականգնման համար.
4) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն կետով սահմանված հանձնարարականների կատարման արդյունքների և ձեռնարկված (ձեռնարկվելիք) միջոցների մասին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` եռամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ, որով կսահմանվեն վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորման (այդ թվում` վճարովիության սկզբունքով գործող վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) մրցույթների անցկացման գործընթացի) և գործունեության դադարեցման ընթացակարգերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի <<Ներքին աուդիտի գործընթացի կազմակերպման, <<Ներքին աուդիտի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազոր մարմնի սահմանման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին>> N 1233-Ն որոշման N 3 հավելվածի ժամանակացույցին համապատասխան:

 

2 Փետրվարի 2012