Կառավարության որոշումներ

23 Նոյեմբերի 2007, 1386 - Ն

ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ) ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել պարզեցված հարկային հաշվառման (այդ թվում` ապրանքանյութական արժեքների գրանցումների մասով) կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված պարզեցված հարկային հաշվառումը կարող են վարել միայն 2008 և 2009 ֆինանսական տարիների ընթացքում, եթե գործունեության բոլոր տեսակների մասով յուրաքանչյուր տարում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ավելացված արժեքի հարկի) չի գերազանցում 50,0 մլն դրամը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` մեկ ամսվա ընթացքում ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան պարզեցված հարկային հաշվառումը վարող առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքանյութական արժեքների մնացորդների հաշվառման մասին պաշտոնական պարզաբանումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: