Կառավարության որոշումներ

23 Նոյեմբերի 2007, 1361 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 66,800.0 հազ. դրամ, որից`

1) 55,930.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի սողանքային գոտուց առաջնահերթ վերաբնակեցման ենթակա

10 բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու համար, համաձայն

N 4 հավելվածի.

2) 7,230.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աչաջուր գյուղի սողանքային գոտուց առաջնահերթ վերաբնակեցման ենթակա Արփենիկ Աթաբեկյանի բնակելի տան բնակիչների բնակարանային խնդիրը լուծելու համար.

3) 3,640.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում գարնանային հեղեղումների հետևանքով քանդված` Վարդան Բոզոյանի բնակելի տան բնակիչների բնակարանային խնդիրը լուծելու համար.

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց (այսուհետ` աջակցություն ստանալու հավակնող) բնակարանային խնդիրները լուծվում են շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի (այսուհետ` վկայագիր) միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության (այսուհետ` աջակցություն) տրամադրման միջոցով.

2) վկայագրի միջոցով աջակցությունը տրամադրվում է սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների քանդման պարտադիր պայմանով.

3) սողանքային գոտիներում բնակեցումից ազատված բնակելի տները ենթակա են քանդման` սեփականատերերի միջոցներով և ուժերով` աջակցության տրամադրման միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերումից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում.

4) սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց բնակելի տների քանդումից և սահմանված կարգով գույքային իրավունքների պետական գրանցումից հետո դրանց զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված` գյուղատնտեսականի, և քաղաքացիներն այդ հողամասի նկատմամբ պահպանում են բոլոր գույքային իրավունքները:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված անձանց վկայագրերի և դրանց միջոցով աջակցության տրամադրման գործընթացն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեներով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան` առանց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ վկայագրի միջոցով աջակցություն ստանալու հավակնող անձանց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան առկայության մասին տեղեկատվության ճշտման: Ընդ որում, վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակելի տան (բնակարանի) արժեքը փոխանցվում է վաճառողի կողմից ընտրված բանկում բացված ցպահանջ ավանդային հաշվին` կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա` 60 տոկոսի և 40 տոկոսի համամասնությամբ, վաճառված բնակարանի արժեքի 40 տոկոսին համապատասխանող գումարը փոխանցելով վաճառողի կողմից վաճառված բնակելի տան (բնակարանի)` սահմանված կարգով ստորագրված հանձնման-ընդունման ակտն ստանալուց և վկայագրի միջոցով աջակցություն ստացողի կողմից` սողանքային գոտում գտնվող բնակելի տունը քանդելու մասին համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը ներկայացվելուց հետո:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: