Կառավարության որոշումներ

8 Նոյեմբերի 2007, 1332 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունում`

ա. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.

«7.1. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:»,

բ. 11-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) ծնողների կամ ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցիչների համաձայնությունը (մինչև 16 տարին լրանալն անձնագիր ստացողները), ընդ որում, ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությունը նրանց կողմից ստորագրվում է այն հանձնելիս: Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչը անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով.».

2) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագրում 3-րդ էջի նկարագրի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագրին համապատասխան տրված անձնագրերը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո անվավեր չեն ճանաչվում մինչև դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վավերականության ժամկետը լրանալը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից։