Կառավարության որոշումներ

19 Օգոստոսի 2004, 1226 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող` Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի և սուրբ Գայանե վանքի միջև գտնվող միաբանական գերեզմանատան ( իր զբաղեցրած տարածքով)` իր նշանակությամբ օգտագործումն ապահովելու նպատակով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` մեկամսյա ժամկետում էջմիածնի քաղաքապետի ու Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հետ համատեղ ապահովել նշված գերեզմանատանն անհրաժեշտ հողատարածքի ճշտումը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գերեզմանատան և անհրաժեշտ հողատարածքի` որպես պետական սեփականության, գույքային իրավունքների պետական գրանցումը.

բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետ կնքել նշված գերեզմանատան անհատույց օգտագործման պայմանագիր և պետական սեփականություն հանդիսացող պատմության ու մշակույթի անշարժ հուշարձան ` Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի և սուրբ Գայանե վանքի միջև գտնվող միաբանական գերեզմանատունն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն.

գ) Հայաստանյայց Առաքելական եկեղեցու միջոցների հաշվին ապահովել գերեզմանատան չափագրման, սահմանների ճշտման աշխատանքները և գույքային իրավունքների պետական գրանցումը.

դ) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի «բ» կետով սահմանված պահպանական պարտավորագրի ստացումը Հայաստանյայց Առաքելական եկեղեցուց:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: