11 Հոկտեմբերի 2007, 1169 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Լուսյա Մարտիրոսյանի ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու մասին» N 984-Ա որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 3 հավելվածների:
2. «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական աշխատանքների ֆինանսավորման համար` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 6,855.0 հազ. դրամ` համաձայն N 4 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծին գյուղի սողանքային գոտում գտնվող բնակելի տների բնակիչների անվտանգության ապահովման նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծին գյուղի սողանքային գոտում առաջնահերթ միջոցառումների իրականացման համար գումար հատկացնելու մասին» N 1301-Ն որոշման N 5 հավելվածում ընդգրկված և 2006 թվականին աջակցություն չստացած անձանց բնակարանային խնդիրների լուծման համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 56,221.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով):
4. Սույն որոշման 3-րդ կետում նշված անձանց բնակարանային խնդիրները լուծել շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի N 1301-Ն որոշման N 5 հավելվածով նախատեսված գումարների չափով աջակցության տրամադրմամբ` աջակցության միջոցով` սողանքային գոտում գտնվող` բնակությունից ազատված բնակելի տների քանդման պարտադիր պայմանով:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշման 4-րդ կետի համաձայն աջակցությունը տրամադրել բնակարանների գնման վկայագրերի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։