Կառավարության որոշումներ

2 Օգոստոսի 2004, 1219 - Ն

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ «ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԹԱԳԵՆՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԿԵՆՏՐՈՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2000 թվականի հունվարի 29-ին Մոնրեալում ստորագրված «Կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիայի «Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիայի «Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրության (այսուհետ` արձանագրություն) 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային իրավասու մարմին և ազգային համակարգող կենտրոն ճանաչել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

2. Սահմանել, որ`

ա) արձանագրության քարտուղարության հետ և կողմերի միջև կենսաբանական անվտանգության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը` իրազեկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը.

բ) Հայաստանի Հանրապետության այն նախարարությունները և այլ պետական կառավարման մարմինները, որոնց իրավասությանն է վերապահված արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած առանձին պարտավորությունների կատարումը, այդ սահմաններում իրենց գործառույթներն իրականացնում են իրավասու մարմնի կողմից համակարգման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով այդ մարմիններից յուրաքանչյուրի վրա դրված լիազորություններին համապատասխան:

3. Սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված` Հայաստանի Հանրապետության նախարարներին ու այլ պետական կառավարման մարմինների ղեկավարներին`

ա) ազգային իրավասու մարմնին տրամադրել արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման մասին անհրաժեշտ տվյալներ, տեղեկություններ և այլ նյութեր.

բ) արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում ընդունելու անհրաժեշտության դեպքում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: