Կառավարության որոշումներ

4 Հոկտեմբերի 2007, 1161 - Ն

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՈՐՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել`

1) բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը` համաձայն N 1 հավելվածի.

2) բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի պահպանմանը ներկայացվող պահանջները և դրանց ապահովմանն ուղղված վերանորոգման աշխատանքների և կանխարգելիչ միջոցառումների իրականացման առավելագույն ժամկետները` համաձայն N 2 հավելվածի.

3) բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի տեսողական զննման մատյանի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սահմանել, որ սեյսմամեկուսացման շերտավոր ռետինամետաղե հենարանների (այսուհետ` ՍՇՌՄՀ) միջոցով սեյսմամեկուսացված բազմաբնակարան շենքում տեղակայված ՍՇՌՄՀ-ների, դրանց տեղակայման տարածքների (նկուղ, տեխնիկական հարկ, ձեղնահարկ) և այդ տարածքներով անցնող շենքի ինժեներական ցանցերի, տեխնիկական շահագործմանը ներկայացվող քաղաքաշինական, սանիտարական և հակահրդեհային գործող նորմերի պահանջների ապահովումն իրականացվում է սույն որոշման համաձայն:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով հաստատել սեյսմամեկուսացված շերտավոր ռետինամետաղե հենարանների տեխնիկական վիճակի հետազննության կարգը.

2) եռամսյա ժամկետում մշակել և հաստատել սույն որոշմամբ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման սահմանված նորմերի շրջանակներում պարտադիր իրականացման ենթակա միջոցառումների և աշխատանքների համար անհրաժեշտ խոշորացված ծախսերի հաշվարկման մեթոդական ցուցումներ:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 18-ի «Բնակելի ֆոնդի պահպանման, շահագործման և սպասարկման միասնական կանոնները հաստատելու մասին» N 47 և 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը սահմանելու մասին» N 1625-Ն որոշումները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: