5 Օգոստոսի 2004, 1216 - Ն
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՆՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 19-րդ կետի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2004 թվականի օգոստոսի 1-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Անշարժ գույքի գրանցում» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ստեղծել լուծարման հանձնաժողով և 6-ամսյա ժամկետում ավարտել «Անշարժ գույքի գրանցում» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքները։ Արբանյակային հանութագրման համար կնքված պայմանագրով աշխատանքների ընդունումը 2004 թվականի օգոստոսի 1-ից հետո վերապահել լուծարման հանձնաժողովին։
3. «Անշարժ գույքի գրանցում» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պարտավորությունների մարումից հետո գրասենյակի տնօրինության` առկա գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։