27 Սեպտեմբերի 2007, 1095 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1679-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմն ու գործունեության կարգը հաստատելու մասին» N 1679-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները `
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ` 2.1-ին կետով.
«2.1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`
1) հանձնաժողովից աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը և նախնական պայմանագիրն ստանալուց հետո աճուրդում հաղթողին տրամադրել համապատասխան լիցենզիա` նախնական պայմանագրում ամրագրված ժամկետում.
2) մրցույթով տրամադրվող հանքարդյունահանման լիցենզիաներում ամրագրել լիցենզիայի հերթական համարը, տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ընդերքի այն տեղամասի նկարագրությունը և հատակագիծը, որի նկատմամբ այն տրված է և տեղեկություններ հաստատված պաշարների մասին.
3) մրցույթով տրամադրվող ուսումնասիրության լիցենզիաներում ամրագրել լիցենզիայի հերթական համարը, տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ընդերքի այն տեղամասի նկարագրությունը և հատակագիծը, որի նկատմամբ այն տրված է:».
2) որոշման N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1679 - Ն որոշման
Կ Ա Զ Մ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐ
ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության բաժնի վարիչ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի կոնցեսիոն գործակալության պետ
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչության պետ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի երկրաբանական գործակալության պետ
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի բնօգտագործման էկոնոմիկայի և հանքային արդյունաբերության վարչության պետ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի պահպանության վարչության պետ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար):».
3) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ կետով.
«10. Սահմանել, որ հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները, աճուրդի արդյունքների մասին արձանագրությունները, նախնական պայմանագրերը և հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրվող այլ փաստաթղթեր ստորագրվելուց հետո վավերացվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կնիքով:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։