Կառավարության որոշումներ

30 Օգոստոսի 2007, 1041 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐ ՉՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել, որ հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշեր չեն տրամադրվում «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝

1) այն տրանսպորտային միջոցներին, որոնք հաշվառված են օտարերկրյա պետություններում և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել մինչև մեկ ամիս ժամանակով.

2) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ու պաշտոնատար անձանց պաշտոնական հրավերներով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող պատվիրակությունների և անձանց տրանսպորտային միջոցներին.

3) օտարերկրյա պետություններում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների անձնակազմերի տրանսպորտային միջոցներին.

4) Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռներ և զինվորներ փոխադրող տրանսպորտային միջոցներին.

5) Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական օգնության, բարեգործական ծրագրերի շրջանակներում որպես փոխադրամիջոց, ինչպես նաև այդ առաքելությունների իրականացման համար մուտք գործող տրանսպորտային միջոցներին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։