Կառավարության որոշումներ

12 Օգոստոսի 2004, 1170 - Ն

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԽԵՄԱՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՇԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների կատարումն ապահովելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում որոշակի արտադրանքի և ծառայությունների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակ դրանց համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի պահանջներին հավաստման ընթացակարգերի ընտրության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին` որոշակի արտադրանքի ու ծառայությունների տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակ տվյալ արտադրանքի և ծառայության համապատասխանության հավաստման նպատակով ընթացակարգերի ընտրությունը կատարել սույն որոշման 1-ին կետով սահմանված սխեմաներից:

3. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` համապատասխանության հավաստման համակարգի ստանդարտները համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 60 օր հետո: