29 Հուլիսի 2004, 1164 - Ն
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Շահումով խաղերի և խաղատների կազմակերպման գործունեության լիցենզավորման, վերահսկողության և շահումով խաղերի, խաղատների կազմակերպիչների կողմից տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի և խաղատների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 5-օրյա ժամկետում` շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և գործունեության իրականացման վայրը փոփոխելու մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին՝ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ (այդ թվում՝ տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում դրա մասին` փաստի արձանագրման պահից 5-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին՝
ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ շահումով խաղերի և խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկային մարմին ներկայացված շահումով խաղերի ելակետային տվյալների (բացառությամբ այն դեպքերի, երբ ելակետային տվյալ է համարվում խաղասրահի մակերեսը) մասին տեղեկատվություն.
բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո շահումով խաղերի և խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկային մարմին ներկայացված շահումով խաղերի նոր ելակետային տվյալների (բացառությամբ այն դեպքերի, երբ ելակետային տվյալ է համարվում խաղասրահի մակերեսը), ինչպես նաև նախկինում ներկայացված ելակետային տվյալներում փոփոխություններ ներկայացնելու դեպքում 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել դրանց մասին տեղեկատվություն:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 29-ի «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 58 որոշումը: