2 Օգոստոսի 2007, 965 - Ն
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ «ԳՅՈՒՄՐՈՒ «ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Գյումրու «Շիրակ» օդանավակայանի արդիականացման անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Գյումրու «Շիրակ» օդանավակայանը կոնցեսիոն կառավարման վերցնելու առաջարկով, և նկատի ունենալով այն, որ օդանավակայանի թռիչքուղու վերանորոգման և լուսաազդանշանային համակարգի բարելավման համար անհրաժեշտ է կատարել ֆինանսական ներդրումներ, իսկ «Գյումրու «Շիրակ» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից ներդրումների կատարման հնարավորությունները սահմանափակ են, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված պայմանագրի թիվ 3 լրացմանը (այսուհետ` լրացում)` համաձայն հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել լրացումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո
20-օրյա ժամկետում վերագնահատել ընկերության հիմնական միջոցները:
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել ընկերությունը:
5. Ընկերության լուծարումից հետո մնացած գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:
6. Ընկերության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային հաշիվ:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին`
1) ստեղծել լուծարման հանձնաժողով՝ ներգրավելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և ընկերության ներկայացուցիչներին ու «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել ընկերության լուծարման աշխատանքների կատարումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1380-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը հատկացված և այդ վարչության համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացված արտաբյուջետային հաշվին փոխանցված 1,700,000.0 հազ. դրամը նշված հաշվից երկօրյա ժամկետում վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` ոչ հարկային եկամուտների համապատասխան գանձապետական հաշվին.
3) սույն որոշման 6-րդ կետում նշված դրամական միջոցների հաշվին, պահանջների զիջման պայմանագրով, գնել «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության սնանկացման վարույթում պարտատերերի ցուցակում «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով աշխատանքային պայմանագրերից բխող պահանջները:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` ընկերության լուծարման նպատակով իրականացվող ստուգումների արդյունքների ամփոփումից հետո 10-օրյա ժամկետում լուծարման հանձնաժողով ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ընկերության պարտավորությունների մասին տեղեկություններ:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` եռամսյա ժամկետում, քննարկելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ներկայումս ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության գրանցման և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից զբաղեցված հողամասերի տարանջատման և օգտագործման իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
10. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` հաշվի առնելով լրացման 5-րդ կետի պահանջները` «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով ապահովել Գյումրու «Շիրակ» օդանավակայանի օդերևութաբանական սպասարկումը:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: