19 Հուլիսի 2007, 963 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում «Կոմպոզիցիոն նյութերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել «Կոմպոզիցիոն նյութերի գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը 1993-1998 թվականների կապիտալ շինարարության իրականացման (հատուկ նյութերի արտադրության արտադրամասի կառուցման) համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված, ընկերության հաշվեկշռում որպես «ակտիվներին վերաբերող շնորհներ» հաշվառված 247677 հազ. դրամ գումարի անտոկոս փոխառության պայմանագիր:
2. «Կոմպոզիցիոն նյութերի գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Արին-Բերդի 17) մասնավորեցնել` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մրցույթով մասնավորեցման և նոր բաժնետոմսերի փակ տեղաբաշխման ձևերի համակցությամբ:
3. Սահմանել`
1) ընկերության` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի փետրվարի 28-ին գնահատված արժեքը` 70693 հազ. դրամ,
2) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը`
70 693 հազ. դրամ:
4. Ընկերության պարտավորությունները 2006 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 308206 հազ. դրամ (որտեղ ներառված է նաև սույն որոշման 1-ին կետում նշված գումարը), այդ թվում`
1) երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ` 2000 հազ. դրամ,
2) ակտիվներին վերաբերող շնորհներ` 280063 հազ. դրամ, այդ թվում` ընկերության զբաղեցրած հողատարածքի արժեքը` 32386 հազ. դրամ, կապիտալ շինարարության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված գումարը` 247677 հազ. դրամ,
3) առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 670 հազ. դրամ,
4) կարճաժամկետ կրեդիտորական պարտք` Հայաստանի Հանրապետության բյուջեի գծով` 11017 հազ. դրամ,
5) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 705 հազ. դրամ,
6) կրեդիտորական պարտքեր` աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով` 10029 հազ. դրամ,
7) ստացված ընթացիկ կանխավճարներ` 496 հազ. դրամ,
8) այլ ընթացիկ պարտավորություններ` 3226 հազ. դրամ:
5. Ընկերության` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (այսուհետ` գույք) մրցույթով մասնավորեցվելուց հետո պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
6. Ընկերությունը 1999-2006 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
1) գնորդը պարտավոր է գնել սույն որոշման 12-րդ կետով սահմանված` լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերը,
2) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
3) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
4) սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,
2) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,
3) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի, ինչպես նաև սույն որոշման 12-րդ կետով սահմանված` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 1387992 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
10. Մրցույթի հաղթողը պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
11. «Կոմպոզիցիոն նյութերի գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է իրականացնել ընկերության նոր բաժնետոմսերի թողարկումը և փակ տեղաբաշխումը:
12. Սահմանել`
1) թողարկվող բաժնետոմսերի ծավալը` 25000 սովորական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 10000 դրամ անվանական արժեքով,
2) թողարկվող բաժնետոմսերի տեղաբաշխման ժամկետը` թողարկման վերաբերյալ որոշումն ընդունվելու օրվանից հինգ բանկային օր,
3) թողարկվող բաժնետոմսերի տեղաբաշխման գինը` 250000 հազ. դրամ:
13. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է`
1) թողարկվող բաժնետոմսերի տեղաբաշխման գնի 100 տոկոսը մինչև տեղաբաշխման ժամկետի ավարտը վճարել «Կոմպոզիցիոն նյութերի գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը, որը պարտավորվում է այդ գումարի հաշվին մարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ կնքած փոխառության պայմանագրով սահմանված պարտքը (կենտրոնական գանձապետարան N 900005052015) ,
2) ելնելով սույն որոշման 12-րդ կետով սահմանված պայմաններից` թողարկվող բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքների հիման վրա ապահովել «Կոմպոզիցիոն նյութերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: