Կառավարության որոշումներ

29 Հուլիսի 2004, 1149 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 239 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, 38-րդ հոդվածի 2-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկերը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի մարտի 20-ի N 91 հրամանով սահմանված կարգով հաշվարկված գներով.

բ) մարդասիրական օգնության նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ պետական պատվերի միջոցով:

3. Մասնակի ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման մասին» N 239 որոշումը` բացառությամբ 2-րդ կետի: