5 Օգոստոսի 2004, 1134 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման վերականգնում» վարկային ծրագրի հետագա ընթացքն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության գործունեության բարելավման միջոցառումների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի N 751-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 218-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության միջև 2002 թվականի փետրվարի 28-ին կնքված «Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման վերականգնում» ծրագրի ֆինանսավորման ենթավարկային պայմանագրում կատարել փոփոխություններ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ենթավարկային պայմանագրով ընկերության կողմից մարման ենթակա ենթավարկի հիմնական գումարը պետք է ձևակերպվի և վերադարձվի դրամով, որը պետք է համապատասխանի վարկի ստացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի հաշվարկային փոխարժեքին, իսկ վարկի սպասարկման տոկոսի փոխհատուցումը հետաձգվում է՝ վճարումը նախատեսելով` սկսած 2008 թվականից».
բ) որոշման 6-րդ կետի «բ» ենթակետը լրացնել հետ—յալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն ենթակետի առաջին պարբերությամբ նախատեսված միջոցների օգտագործումից հետո մինչև 2007 թվականը ներառյալ լրացուցիչ ճեղքվածք առաջանալու դեպքում համապատասխան հիմնավորող փաստաթղթերի և հաշվարկների հիման վրա այն մարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացի շրջանակներում».
գ) որոշման 8-րդ կետում «բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացնել առաջարկություններ ընկերության ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ`» բառերը փոխարինել «ընկերության ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկում կատարել փոփոխություններ և լրացումներ`» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված ենթավարկային պայմանագրում համապատասխան փոփոխությունների կատարումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։