Կառավարության որոշումներ

22 Հուլիսի 2004, 1126 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ Ս. ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՆԱԽԿԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԻ ՔԱՐԵ ՇԵՆՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ սահմանապահ վարչության` Գյումրի քաղաքում տեղաբաշխված սահմանապահ ջոկատի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում նրան անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Գյումրի քաղաքի Տերյան 6ա հասցեում գտնվող` Ս. Շահումյանի անվան նախկին մանկական առողջարանի երկհարկանի քարե շենքում բնակվող ընտանիքների վերաբնակեցումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին Գյումրի քաղաքի Տերյան 6ա հասցեում գտնվող` Ս. Շահումյանի անվան նախկին մանկական առողջարանի երկհարկանի քարե շենքում բնակվող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հերթագրված 4 ընտանիքին բացառության կարգով արտահերթ բնակարաններ հատկացնել աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում պետական աջակցությամբ կառուցված պետական բնակարանային ֆոնդի բնակարաններից` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետով նախատեսված նորմաների սահմաններում:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ մեկամսյա ժամկետում Գյումրու քաղաքապետի հետ համատեղ ձեռնարկել միջոցներ` Գյումրի քաղաքի Տերյան 6ա հասցեում գտնվող` Ս. Շահումյանի անվան նախկին մանկական առողջարանի երկհարկանի քարե շենքի տարածքից` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սակայն անօթևանի կարգավիճակ չունեցող, ինքնակամ հիմունքներով տարածքներ զբաղեցրած 3 ընտանիքի վերաբնակեցումն ապահովելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։