Կառավարության որոշումներ

21 Հունիսի 2007, 820 - Ն

1988 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՊԻՏԱԿԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել 1988 թվականի երկրաշարժի հետևանքով Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքի քաղաքացիների ապահովագրական ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության պատճառով ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողով (այսուհետ` ստաժ սահմանող հանձնաժողով):

2. Սահմանել, որ`

1) ստաժ սահմանող հանձնաժողովի նախագահը, ի պաշտոնե, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն է.

2) ստաժ սահմանող հանձնաժողովի քարտուղարը, ի պաշտոնե, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատողն է.

3) ստաժ սահմանող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի Հանրապետության արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ներկայացուցիչներ (համաձայնությամբ).

4) ստաժ սահմանող հանձնաժողովի անդամների` հանձնաժողովի գործունեությանն առնչվող գործուղման ծախսերը յուրաքանչյուր անդամի համար կատարում է այն մարմինը կամ կազմակերպությունը, որտեղ աշխատում է հանձնաժողովի անդամը:

3. Հաստատել ստաժ սահմանող հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել ստաժ սահմանող հանձնաժողովի անհատական կազմը:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` ապահովել ստաժ սահմանող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության պետական արխիվում պահպանվող այն փաստաթղթերի տրամադրումը, որոնք տվյալներ են պարունակում մինչև 1988 թվականը Սպիտակ քաղաքի կազմակերպություններում աշխատած անձանց մասին (հրամանագրքեր, հաշվառման մատյաններ, քարտեր, աշխատավարձի ցուցակներ և այդօրինակ այլ փաստաթղթեր):

6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` համակողմանիորեն աջակցել ստաժ սահմանող հանձնաժողովին` նրան ապահովելով աշխատանքային պայմաններով, տրանսպորտային և հանձնաժողովի անխափան աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ այլ միջոցներով:

7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`

1) ստաժ սահմանող հանձնաժողովին ներկայացնել երկրաշարժից տուժած բնակավայրերի և մինչև երկրաշարժը դրանցում տեղաբաշխված կազմակերպությունների (հիմնարկների, ձեռնարկությունների, կոլտնտեսությունների) ցանկը և երկրաշարժից հետո մնացած ու գործող կազմակերպությունների ցանկը.

2) ապահովել սույն որոշման մասին տարածաշրջանի բնակչությանն իրազեկելը:

8. Ստաժ սահմանող հանձնաժողովը գործում է մինչև 2008 թվականի դեկտեմբերի 30-ը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։