Կառավարության որոշումներ

3 Հունիսի 2004, 1102 - Ն

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի N 313 որոշմամբ հաստատված կարգի պահանջների խախտման բազմաթիվ փաստերը, ինչպես նաև էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգ շահագործումն ապահովող միջոցառումներ մշակելու և իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

1.1. համագործակցելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, հիմք ընդունելով էներգետիկայի բնագավառի փակ բաժնետիրական ընկերությունների և տարածքային կառավարման մարմինների կողմից նախկինում համատեղ կատարված գույքագրման արդյունքները` շահագրգիռ կազմակերպությունների ներգրավմամբ` 6-ամսյա ժամկետում կատարել բացահայտված խախտումների դասակարգում` ըստ հետևյալ չափանիշների`

ա) անվտանգության գոտիներում կառուցված շենքեր և շինություններ, որոնք հնարավոր է անվտանգ շահագործել էներգետիկ օբյեկտը տնօրինող ընկերության կողմից տրվող տեխնիկական պայմանների պահպանմամբ,

բ) անվտանգության գոտիներում կառուցված շենքեր և շինություններ, որոնց սեփականատերերը համաձայն են սեփական միջոցների հաշվին պայմանագրային հիմունքներով վերականգնել անվտանգության գոտու չափսը` էներգետիկ օբյեկտի (բնական գազի, ջերմային և էլեկտրական էներգիաների փոխադրման (հաղորդման) գծեր) կամ շենքերի և շինությունների տեղափոխման միջոցով,

գ) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա, անվտանգության գոտիներում ինքնակամ կառուցված շենքեր և շինություններ, որոնք ենթակա են քանդման, կամ որոնց նկատմամբ պետք է կիրառվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերը,

դ) անվտանգության գոտիներում` իրավաբանական անձանց կամ քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերում կառուցված շենքեր և շինություններ, որոնք կառուցված են տարածքային կառավարման (Եր—անի քաղաքապետարանի) կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված թույլտվության համաձայն.

1.2. շահագրգիռ կազմակերպությունների ներգրավմամբ` 9-ամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1.1-ին կետի «ա» ենթակետի համաձայն դասակարգված անվտանգության գոտիներում կառուցված շենքերի և շինությունների սահմանված կարգով ձևակերպումն ու դրանց շահագործման տեխնիկական պայմանների տրամադրումը սեփականատերերին.

1.3. համագործակցելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ և շահագրգիռ կազմակերպությունների ներգրավմամբ` մինչև 2005 թվականի ապրիլի 30-ը կազմակերպել սույն որոշման 1.1-ին կետի «բ» ենթակետի համաձայն դասակարգված` անվտանգության գոտիներում կառուցված շենքերի և շինությունների սեփականատերերի ու էներգետիկ օբյեկտը տնօրինող ընկերության միջև համապատասխան անվտանգության գոտու չափսի վերականգնման մասին պայմանագրի կնքումը.

1.4. մինչև 2005 թվականի օգոստոսի 22-ը իրականացնել սույն որոշման 1.1-ին կետի «գ» ենթակետի համաձայն դասակարգված անվտանգության գոտիներում ապօրինի կառուցված շենքերի և շինությունների քանդման աշխատանքները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանմամբ, կամ դրանց նկատմամբ կիրառել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերը.

1.5. համագործակցելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ`

ա) մինչև 2005 թվականի ապրիլի 30-ը իրականացնել սույն որոշման 1.1-ին կետի «դ» ենթակետի համաձայն դասակարգված անվտանգության գոտիներում տարածքային կառավարման մարմնի (Երևանի քաղաքապետարանի) կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված թույլտվությամբ կառուցված շենքերի և շինությունների քանդման (համապատասխանաբար պետության կամ համայնքի կարիք սահմանելու պայմանով) կամ էներգետիկ օբյեկտի տեղափոխման համար անհրաժեշտ ծախսերի (էներգետիկ օբյեկտների անվտանգության գոտիների վերականգնման) նախահաշիվների կազմումը,

բ) մինչև 2005 թվականի հունիսի 30-ը` տարածքային կառավարման մարմնի (Երևանի քաղաքապետարանի) կողմից թույլտվության առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների թույլտվության առկայության դեպքում` համայնքներ ներկայացնել քանդվող գույքի դիմաց փոխհատուցման ենթակա` շուկայական արժեքի կամ էներգետիկ օբյեկտի տեղափոխման արժեքի չափով 2006-2008 թվականների համար ֆինանսավորման հայտ` ըստ առաջնահերթության:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1.5-րդ կետի «բ» ենթակետի համաձայն հայտերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրանց ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

3. Առաջարկել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին համայնքների բյուջեներում ներառել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կողմից ներակայացված ֆինանսավորման հայտերը` սույն որոշման 1.5-րդ կետի «բ» ենթակետով սահմանված աշխատանքների իրականացման համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: