Կառավարության որոշումներ

8 Հուլիսի 2004, 1093 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 97 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՄԱԿ-ի «Վտանգավոր թափոնների երկրից երկիր տեղափոխման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» բազելյան կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետություն վտանգավոր և այլ թափոնների ներմուծումը, արտահանումը և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումը կարգավորելու մասին» N 97 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) վտանգավոր թափոնների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության արգելված վտանգավոր թափոնների ցանկի»:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության արգելված վտանգավոր թափոնների ցանկը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արգելված վտանգավոր թափոնները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլտվության առկայության դեպքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: