Կառավարության որոշումներ

28 Հունիսի 2007, 763 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մասին Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածով սահմանված դրույթներին համապատասխանությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողություններն են՝

ա) թռիչքի ընթացքում օդանավի անօրինական զավթումը,

բ) օդանավի անօրինական զավթումը գետնի վրա,

գ) օդանավակայաններում և թռիչքում գտնվող օդանավում պատանդ վերցնելը,

դ) օդանավ, օդանավակայան և աերոնավիգացիոն միջոցներ ու ծառայություններ բռնի ներխուժելը,

ե) օդանավակայանում և օդանավում հանցավոր նպատակներով զենքի, վտանգավոր սարքավորումների ու նյութերի և միացությունների տեղադրումը,

զ) կեղծ տեղեկատվության հաղորդումը, որը վտանգի տակ է դնում թռիչքում և գետնի վրա գտնվող օդանավի, ուղևորների, անձնակազմի անդամների, վերգետնյա անձնակազմի կամ հասարակության անվտանգությունն օդանավակայանային համալիրում կամ քաղաքացիական ավիացիայի համակարգի ծառայությունների տարածքներում».

2) հավելվածը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին, 8.2-րդ, 8.3-րդ և 8.4-րդ կետերով.

«8.1. տարանցիկ ուղևորներ` ուղևորներ, որոնք օդանավակայանից մեկնում են այն չվերթով, որով ժամանել են,

8.2. տարանցիկ ուղեբեռներ` ուղեբեռներ, որոնք օդանավակայանից փոխադրվում են այն չվերթով, որով բերվել են օդանավակայան,

8.3. տրանսֆեր ուղևորներ` ուղևորներ, որոնք օդանավակայան են ժամանել մեկ չվերթով, սակայն մեկնում են մեկ այլ չվերթով,

8.4. տրանսֆեր ուղեբեռներ` ուղեբեռներ, որոնք օդանավակայան են բերվել մեկ չվերթով, սակայն օդանավակայանից փոխադրվում են մեկ այլ չվերթով:».

3) հավելվածը 11-րդ կետից հետո լրացնել 11.1-ին և 11.2-րդ կետերով.

«11.1. փոստ` փոստային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ընդունված, ձևակերպված ու դրանց կողմից ուղարկված թղթակցություններ և այլ առարկաներ,

11.2. գրանցված գործակալ` գլխավոր վարչության կողմից ճանաչված և սերտիֆիկացված ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն օդանավ շահագործողի հետ իրականացնում է առևտրային գործունեություն բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների փոխադրման նպատակով և ապահովում է դրանց նկատմամբ անվտանգության վերահսկողությունը».

4) 29-րդ կետի`

ա. «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) համագործակցում է օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ, ըստ անհրաժեշտության, քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրերի առնչությամբ, քննարկում է օտարերկրյա պետություններից ստացված` օդանավում թռիչքի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարող զինված անձանց ուղեկցությամբ դեպի Հայաստանի Հանրապետություն թռիչքները թույլատրելու մասին դիմումները և լուծում դրանցում բարձրացված հարցերը,

բ. «է» ենթակետը «մշակմանը,» բառից հետո լրացնել «իրականացնում է քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովման որակի հսկողության ազգային ծրագրի մշակման և պահպանման միջոցառումներ, ».

5) 79-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«79. Օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի անցագրեր հատկացնում է տվյալ օդանավակայանի գործադիր մարմինը, որը, օդանավակայանի հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ մուտքի մշտական կամ ժամանակավոր անցագրեր հատկացնելիս, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության` օդանավակայանի գծային բաժնի միջոցով ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը հարցում է կատարում անցագրի ստացման հայտում նշված անձանց վերաբերյալ քրեական պատասխանատվության ենթարկված լինելու մասին տվյալների ստացման համար: Նշված հարցումները կատարվում են առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ:».

6) 85-րդ կետը «զ» ենթակետից հետո լրացնել հետևյալ պարբերությամբ.

«Բոլոր աշխատողները, նախքան անցագրեր ստանալը, օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից իրազեկվում են տվյալ օդանավակայանում կիրառվող ավիացիոն անվտանգության կանոնների, այն է` մուտքի հսկողության, օդանավակայանների և օդանավերի պահպանության, անցագրային և ներօբյեկտային վերահսկողության, ուղևորների անվտանգության ապահովման նպատակով իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումների մասին».

7) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 87.1-ին կետով.

«87.1. Օդանավակայանների սահմանափակ մուտքի գոտիներ տրանսպորտային միջոցների մուտքի դեպքում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով սահմանափակ մուտքի գոտու հսկիչ անցագրային կետում պետք է իրականացվեն տրանսպորտային միջոցների զննումներ: Զննման ենթակա են`

ա) դռների գրպանիկները, սրահի պահախցիկը, արևիկների հետնամասերը,

բ) առջևի նստատեղերի հետևի գրպանները, նստատեղերի տակերը և ոտնափոսերը,

գ) բեռնախցիկը,

դ) անվադողերի հարակից վայրերը,

ե) շարժիչի հատվածը:

Տրանսպորտային միջոցների համապատասխան տեղամասերի զննումից հետո դրա մասին գրառում է կատարվում անցագրային կետի մատյանում:».

8) 92-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«92. Օդանավի թռիչքից առաջ ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման աշխատողներն օդանավի անձնակազմի անդամի և օդանավ շահագործողի ինժեներատեխնիկական անձնակազմի ներկայացուցչի հետ համատեղ իրականացնում են օդանավի նախաթռիչքային զննում, որից հետո նրանց կողմից զննման արդյունքների մասին զեկուցում են օդանավի հրամանատարին, որն իրականացված զննման մասին նշումներ է կատարում օդանավի գրքում և օպերատիվ տեխնիկական սպասարկման քարտ-կարգագրի «զննում» սյունակում: Օդանավի նախաթռիչքային զննման կարգը սահմանում է գլխավոր վարչությունը».

9) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 92.1-ին, 92.2-րդ, 92.3-րդ կետերով.

«92.1. Տասներկու ժամից ավելի կանգառում գտնվելուց հետո շահագործման ենթակա օդանավերը պետք է ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման աշխատողների կողմից ենթարկվեն մակերեսային կամ մանրամասն նախաթռիչքային զննման: Մակերեսային զննման ընթացքում իրականացվում է օդանավի, ուղևորասրահների և բեռնախցերի դիտողական զննում, իսկ մանրամասն զննումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2005 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման կանոնները հաստատելու մասին» N 102-Ն հրամանին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում գտնվող օտարերկրյա օդանավերը զննվում են տվյալ օդանավերի անձնակազմերի կողմից:

«92.2. Օտարերկրյա օդանավերի զննման միջոցառումների որակի հսկողության նպատակով տեսչական ստուգումների կարող են ենթարկվել նաև տարանցիկ կանգառներ իրականացրած օդանավերը: Նման դեպքերում կիրառվում են օդանավի դիտողական զննման ընթացակարգեր, որոնց ժամանակ իրականացվում են ուղևորասրահում ուղևորների նստատեղերի վերևների բեռնախցիկների, ուղևորասրահների պահարանների, օդանավի զուգարանների, աղբամանների, նստատեղերի գրպանների, դրանց տակերի և օդանավի անձնակազմի խցիկի զննում:

«92.3. Տրանզիտ կանգառներ իրականացրած օտարերկրյա օդանավերի անձնակազմերի կողմից իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկատմամբ վերահսկողություն է իրականացնում գլխավոր վարչությունը».

10) 103-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, օդանավերի անձնակազմերի անդամների, նրանց ձեռքի իրերի, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող անձանց, նրանց ձեռքի իրերի և նշված գոտիներ մուտք գործող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողությունը պարտադիր է ու նպատակ ունի կանխելու զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ, ռադիոակտիվ նյութերի, հեղուկների, գելերի և աերոզոլների փոխադրումն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավեր: Արգելվում է 100 միլիլիտր տարողությունից ավելի հեղուկներ, գելեր և աերոզոլներ պարունակող ապակյա և պլաստիկ շշերի, տարաների, սրվակների, պոլիէթիլենային տոպրակների ու փաթեթավորումների փոխադրումն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավերի ուղևորասրահներ: Օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված հեղուկների, գելերի և աերոզոլների ցանկը սահմանում է գլխավոր վարչությունը».

11) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 103.1-ին կետով.

«103.1. Բոլոր չվերթների ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռների հաշվառման ու գրանցման ժամանակ օդանավակայանների ուղևորային փոխադրումների ծառայությունների կողմից լրացվում է ուղևորային և բեռնային մանիֆեստ, որում նշվում են ուղևորի անունը, ազգանունը, սեռը, անձնագրի տվյալները, ավիատոմսի համարը, ուղևորի կողմից փոխադրման հանձնված ուղեբեռի համարը, քաշը, քանակը, սահմանված անվճար քաշից ավելի ուղեբեռի` վճարման ենթակա քաշը, օդանավի բեռնախցում ուղեբեռների տեղերը, չուղեկցվող ուղեբեռների մասին տվյալները: Գրանցված ուղևորների և փոխադրման ընդունված ուղեբեռների քանակը պետք է համապատասխանի օդանավ նստած և օդանավի բեռնախցիկներ բարձրացված ուղեբեռների քանակին: Այն ուղեբեռները, որոնք մշակման ընթացքում սխալմամբ չեն փոխադրվել տվյալ չվերթով և փոխադրվում են այլ չվերթով (փոխադրման ընդունված չուղեկցվող ուղեբեռներ), զննվում են միևնույն օպերատորի կողմից, միևնույն զննման կետում, երկու անկյան տակ».

12) 105-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«105. Ավիացիոն անվտանգության հսկողության ընթացքում պետք է իրականացվի հաշվառված ուղևորների և փոխադրման ընդունված ուղեբեռների 10 տոկոս ընտրական կրկնակի զննում` ձեռքով կամ զննման սարքավորման և պայթուցիկ նյութեր հայտնաբերող սարքավորման (գազաանալիզատոր) միջոցով` միևնույն օպերատորի կողմից, նույն զննման կետում` դրա մասին գրառում կատարելով համապատասխան մատյանում».

13) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 105.1-ին, 105.2-րդ, 105.3-րդ, 105.4-րդ, 105.5-րդ, 105.6-րդ և 105.7-րդ կետերով.

«105.1. Կրկնակի զննում է իրականացվում`

ա) ուղևորի մոտ փոխադրման համար արգելված նյութերի և առարկաների առկայության կամ հայտնաբերման մասին տեղեկություն ստանալու դեպքում,

բ) հաշվառման և գրանցման ընթացակարգերից հետո թռիչքին ուղևորի չներկայանալու դեպքում, երբ հանվում է թռիչքին չներկայացած ուղևորի ուղեբեռը,

գ) ավիացիոն անվտանգության հսկողություն անցած ուղևորի և նման հսկողություն չանցած ուղևորների կամ այլ անձանց հետ շփման դեպքում.

դ) շահագործողի ներկայացրած դիմումների դեպքերում:

105.2. Եթե ավիացիոն անվտանգության հսկողության հատուկ տեխնիկական սարքավորումները բացակայում են կամ անսարք են, ապա կարող է իրականացվել ուղևորների և նրանց ուղեբեռների դիտողական զննում: Դիտողական զննում կարող է իրականացվել նաև ռենտգենահեռուստատեսային սարքավորման միջոցով զննված ձեռքի իրերում օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի, դրանց նմանօրինակների, կասկածելի կամ անճանաչելի առարկաների արտապատկերման դեպքերում:

105.3. Որպես ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառում` ավիացիոն անվտանգության հսկողության ընթացքում կարող է իրականացվել ուղևորների ընտրանքային զննում:

105.4. Ուղևորների հաշվառման, գրանցման կամ սպասարկման այլ ընթացակարգերի անցումից հետո, թռիչքին չներկայանալու, թռիչքից հրաժարվելու, ինչպես նաև ավիացիոն անվտանգության հսկողությունից հրաժարվելու կամ իր ձեռքի իրերը զննման ներկայացնելուց հրաժարվելու դեպքերում ուղևորին չի թույլատրվում թռիչքի, ուղևորների կողմից փոխադրման հանձնված ուղեբեռը հանվում է օդանավից, ուղևորն իր ուղեբեռի հետ միասին պահվում է օդանավակայանի ոստիկանության բաժնում` մինչև տվյալ չվերթի օդանավի վայրէջքը ժամանման օդանավակայանում, և, ելնելով անվտանգության նկատառումներից, իրականացվում է օդանավի, ուղևորների, ուղեբեռի, բեռների, փոստի և օդանավային պիտույքների կրկնակի զննում:

105.5. Ուղղաթիռադաշտերից կամ ուղղաթիռահրապարակներից ուղղաթիռներով ուղևորների և բեռների առևտրային փոխադրումների իրականացման դեպքերում ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների, փոստի, ինչպես նաև ուղղաթիռի ավիացիոն անվտանգության հսկողությունը (զննումը) իրականացվում է ուղղաթիռի անձնակազմի անդամների կողմից` ուղղաթիռի հրամանատարի հսկողության պայմաններում: Զննման գործընթացի կազմակերպման և իրականացման համար պատասխանատվություն է կրում ուղղաթիռի հրամանատարը:

105.6. Օդանավակայանների զննման կետերում ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգի անցումից հետո մինչև օդանավ նստեցնելը, ուղևորները պետք է գտնվեն ստերիլ գոտիներում: Ստերիլ գոտիներ մուտքի իրավունք ունեն միայն ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգն անցած ուղևորները, ինչպես նաև այդ գոտիներում ուղևորների սպասարկման և վերահսկողության գործառույթներ իրականացնող ծառայությունների աշխատողները:

105.7. Որոշակի չվերթների նկատմամբ ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումների իրականացման խնդրանքով օտարերկրյա պետությունների ավիացիոն իշխանությունների կամ օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից գլխավոր վարչություն դիմումներ ներկայացվելու դեպքերում ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումներն իրականացվում են օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման կողմից՝ գլխավոր վարչության հսկողության ներքո:».

14) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 109.1-ին, 109.2-րդ, 109.3-րդ, 109.4-րդ, 109.5-րդ, 109.6-րդ և 109.7-րդ կետերով.

«109.1. Օդանավակայաններում պետք է կառուցվեն տարանցիկ և տրանսֆեր ուղևորների համար նախատեսված սպասասրահներ` բացառելու համար տարանցիկ և տրանսֆեր ուղևորների շփումը զննման ընթացակարգ չանցած ուղևորների և այլ անձանց հետ: Տարանցիկ և տրանսֆեր ուղևորները չպետք է մուտք ունենան օդանավակայանների այն տեղամասերը, որտեղ պահվում են նրանց հաշվառված ուղեբեռները:

109.2. Եթե տեղի է ունեցել տարանցիկ և տրանսֆեր ուղևորների շփում զննման ընթացակարգ չանցած ուղևորների կամ այլ անձանց հետ, ինչպես նաև տարանցիկ և տրանսֆեր ուղևորները մուտք են գործել օդանավակայանի այն տեղամասերը, որտեղ պահվում են նրանց հաշվառված ուղեբեռները, ապա այդ ուղևորները, մինչև օդանավ նստեցնելը, պետք է ենթարկվեն կրկնակի զննման:

109.3. Տարանցիկ ուղևորներին կարող է թույլատրվել մինչև օդանավի թռիչքը գտնվել օդանավում` բացառությամբ այն դեպքերի, երբ օդանավի վրա կատարվում են տեխնիկական սպասարկման աշխատանքներ, և նրանց իջեցումն անհրաժեշտ է, ինչպես նաև այն դեպքերում, երբ, ելնելով անվտանգության նկատառումներից, պետք է իրականացվի օդանավի զննում:

109.4. Արգելվում է տարանցիկ և տրանսֆեր ուղևորներին, առանց նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի, իջեցնել օդանավից՝ ուղևորի ավիատոմսում նշված ժամանման օդանավակայանից բացի այլ օդանավակայաններում:

109.5. Տարանցիկ և տրանսֆեր ուղևորները կարող են չենթարկվել զննման, եթե անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմինը գտնում է, որ թռիչքի օդանավակայանում իրականացվող անվտանգության միջոցառումները համարժեք են ժամանման երկրում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումներին: Ելնելով ավիացիոն անվտանգության նկատառումներից` օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից պետք է հսկողություն սահմանվի տարանցիկ և տրանսֆեր ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի նկատմամբ:

109.6. Եթե տարանցիկ ուղևորներին թույլատրվել է իջնել օդանավից, ապա ուղևորների կողմից օդանավի ուղևորասրահներում թողնված առարկաների և իրերի հայտնաբերման նպատակով պետք է իրականացվի օդանավի զննում: Եթե տարանցիկ և տրանսֆեր ուղևորները մուտք են գործել օդանավակայանի ընդհանուր սպասասրահ, իսկ նրանց ուղեբեռը հանվել է օդանավից կամ պետք է փոխադրվի այլ օդանավ, ապա նման ուղևորները և նրանց ուղեբեռները պարտադիր կարգով ենթակա են զննման:

109.7. Եթե որևէ տարանցիկ կամ տրանսֆեր չվերթի նկատմամբ առկա է վտանգի իրական սպառնալիք, ապա կատարվում է ուղևորների իջեցում, իրականացվում է ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, օդանավի անձնակազմի անդամների և օդանավի զննում:».

15) 115-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«115. Օդանավեր շահագործող և ուղևորային փոխադրումների սպասարկումներ իրականացնող կազմակերպությունները պետք է ապահովեն, որպեսզի օդանավով փոխադրման ընդունվի միայն ավիատոմս ունեցող ուղևորի` հաշվառված և գրանցված ուղեբեռը: Արգելվում է որպես ուղեբեռ փոխադրման ընդունել տվյալ չվերթի հետ առնչություն չունեցող անձանց պատկանող առարկաները, իրերը, փաթեթները, ծանրոցները:».

16) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 115.1-ին, 115.2-րդ, 115.3-րդ և 115.4-րդ կետերով.

«115.1. Օդանավեր շահագործող և ուղևորային փոխադրումների սպասարկումներ իրականացնող կազմակերպությունները, ելնելով անվտանգության նկատառումներից, պետք է ապահովեն, որպեսզի իրենց ուղևորային փաստաթղթերը և ուղեբեռը հաշվառման ներկայացնեն միայն տվյալ չվերթի ուղևորները, ինչպես նաև օդանավ շահագործողի ներկայացուցչի կողմից հարցում կատարվի ուղևորին ուղեբեռի պատկանելության, դրա փաթեթավորման և պարունակության մասին:

115.2. Ուղևորների և օդանավով փոխադրման ընդունված ուղեբեռների համապատասխանության ստուգման նպատակով գլխավոր վարչության կողմից կարող է կիրառվել ուղևոր/ուղեբեռ համապատասխանության և ուղեբեռի պատկանելության հաստատման ընթացակարգ:

115.3. Փոխադրման ընդունված այն ուղեբեռները, որոնք մշակման ընթացքում սխալմամբ չեն փոխադրվել տվյալ չվերթով, ենթարկվում են զննման, նրանց վրա փակցվում է համապատասխան ձևաթուղթ, որի վրա նշվում են չվերթի համարը, ուղղությունը, օրը, ուղևորի անունը, ազգանունը, զննման ժամը, օրը, ում կողմից է կատարվել զննումը, որից հետո նման ուղեբեռները հանձնվում են պահեստ: Նույն միջոցառումներն են իրականացվում նաև օդանավակայան ժամանող չվերթներով սխալմամբ ուղարկված, կտրոններ չունեցող և առանց ուղեկցողի ուղարկված ուղեբեռների նկատմամբ:

115.4. Զննված ուղեբեռի, ինչպես նաև բեռների, փոստի, օդանավային պիտույքների փոխադրման ընդունումից հետո դրանց հետ չթույլատրված շփումը բացառելու նպատակով օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից իրականացվում է դրանց պահպանում` մինչև դրանք օդանավ բարձելը:».

17) 116-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«116. Օդանավ շահագործողներն ապահովում են, որպեսզի ուղևորների հաշվառված ուղեբեռը փոխադրվի օդանավ` միայն դրանց զննումից հետո: Արգելվում է փոխադրման ընդունել տվյալ չվերթի հետ առնչություն չունեցող անձանց ուղեբեռը:».

18) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 116.1-ին կետով.

«116.1. Փոխադրման ընդունված` չուղեկցվող ուղեբեռը պետք է զննվի առնվազն երկու տարբեր անկյան տակ, միևնույն զննման կետում և միևնույն տեսուչի կողմից, որից հետո պետք է կազմվի չուղեկցվող ուղեբեռի զննման մասին տեղեկանք՝ նշելով, թե որ չվերթով չի փոխադրվել տվյալ ուղեբեռը, չփոխադրվելու պատճառը, չուղեկցվող ուղեբեռի կտրոնի համարանիշը, երբ է զննումը կատարվել, որ զննման կետում, ում կողմից: Տեղեկանքը լրացնելուց հետո այն փակցվում է չուղեկցվող ուղեբեռին: Չուղեկցվող ուղեբեռի զննման մասին տվյալները գրանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված բեռի և փոստի զննման հաշվառման մատյանում:».

19) 117-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«117. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իրականացվում է փոխադրման ընդունված բեռների զննում:».

20) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 117.1-ին, 117.2-րդ, 117.3-րդ, 117.4-րդ և 117.5-րդ կետերով.

«117.1. Օդանավակայանների գործադիր մարմինները և գրանցված գործակալները պարտավոր են ապահովել ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումների իրականացումը` բեռների ընդունման, մշակման, դեպի օդանավ փոխադրման և օդանավ բարձման փուլերում: Ավիացիոն անվտանգության պահանջների խախտման դեպքերում բեռները փոխադրման չեն ընդունվում: Օդանավակայանների գործադիր մարմինները կազմակերպում են փոխադրման ընդունված բեռների նախաթռիչքային զննում, որն իրականացվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության զննման ստորաբաժանումների կողմից:

117.2. Գրանցված գործակալին ճանաչում և սերտիֆիկատ է տրամադրում գլխավոր վարչությունը:

117.3. Բեռների նախաթռիչքային զննումն իրականացվում է օդանավակայանների բեռնային համալիրների զննման տեղամասերում, համապատասխան ձևակերպումներից հետո: Զննման գործընթացի ժամանակ իրականացվում են հետևյալ միջոցառումները`

ա) բեռի դիտողական զննում,

բ) բեռի զննում` հատուկ տեխնիկական սարքավորումների միջոցով,

գ) բեռի զննում` փորձարկման խցիկների միջոցով,

դ) բեռի զննում` պայթուցիկ նյութեր և միացություններ հայտնաբերող գազաանալիզատորների միջոցով, բեռի զննում` հատուկ այդ նպատակով վարժեցված շների միջոցով:

117.4. Բեռների զննումից հետո դրանց վրա փակցվում է բեռի զննման գործընթացի իրականացման փաստը հավաստող պիտակ՝ «Զննված է» մակագրությամբ: Զննման ենթարկված բեռները պետք է մշտապես գտնվեն օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների հսկողության ներքո: Բեռների հետ համատեղ կամ որպես բեռ փոխադրման ընդունված անձնական իրերը նույնպես ենթակա են զննման:

117.5. Օդանավակայանների գործադիր մարմինները պարտավոր են ապահովել տարանցիկ բեռների անվտանգությունը: Օդանավակայանի կողմից փոխադրման ընդունված տարանցիկ բեռները ենթակա են զննման այն դեպքում, երբ օդանավով փոխադրման ընթացքում չեն իրականացվել ավիացիոն անվտանգութան ապահովման միջոցառումները:».

21) հավելվածի VII բաժնի 8-րդ գլխի վերնագիրը «Պիտույքներ,» բառից հետո լրացնել «օդանավ մաքրող ծառայություններ» բառերով.

22) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 119.1-ին, 119.2-րդ, 119.3-րդ և 119.4-րդ կետերով.

«119.1. Օդանավ շահագործողներին ավիասնունդ տրամադրող կազմակերպությունները, ինչպես նաև օդանավերի մաքրման ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է մշակեն և գլխավոր վարչության հաստատմանը ներկայացնեն իրենց անվտանգության ծրագրերը:

119.2. Ավիասնունդ տրամադրող կազմակերպությունների տեղամասերի արտադրատարածքները պետք է լինեն ցանկապատված, այդտեղ պետք է սահմանվի անցագրային վերահսկողություն: Ավիասննդի արտադրամաս ներկրվող մթերքները, օդանավ տարվող բոլոր տեսակի հեղուկները և սննդամթերք պատրաստելու համար անհրաժեշտ նյութերն ու պարագաները պարտադիր կարգով ենթակա են ավիացիոն անվտանգության հսկողության: Ավիացիոն անվտանգության հսկողության պետք է ենթարկվեն նաև ավիասննդի արտադրամաս մուտք գործող աշխատողները և այցելուները:

119.3. Օդանավերի մաքրման համար նախատեսված նյութերն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի ժամանակ ենթակա են ավիացիոն անվտանգության հսկողության՝ դրանց միջոցով զենքի, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ, ռադիոակտիվ նյութերի, հեղուկների և այլ վտանգավոր առարկաների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և փոխադրումը դեպի օդանավ կանխելու համար:

119.4. Սույն հավելվածի 119.3-րդ կետում նշված նյութերի պահպանության համար օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում պետք է նախատեսվեն պահեստարաններ, որոնք պետք է գտնվեն մշտական հսկողության տակ:

Արգելվում է չզննված մաքրող նյութերի, հեղուկների և մաքրման պարագաների փոխադրումն օդանավ:».

23) 133-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«133. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած քաղաքացիները, մինչև աշխատանքի ընդունվելը, պետք է անցնեն հարցազրույց՝ նրանց մտքի ճկունությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը, հուսալիությունը, ընդհանուր վարվելակերպը և տրամադրվածությունը պարզելու համար, ինչպես նաև մասնագիտացված ավիաբժշկական հաստատություններում անցնեն նախնական բժշկական ստուգում և առնվազն տարեկան մեկ անգամ` պարբերաբար բժշկական զննում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշմամբ սահմանված կարգով:».

24) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 134.1-ին կետով.

«134.1. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության (զննման) գործառույթներ իրականացնելու իրավունք ունեն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից ճանաչված անվտանգության ուսումնական կենտրոններում համապատասխան մասնագիտական պատրաստականություն ստացած և սերտիֆիկացված անձինք»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: