Կառավարության որոշումներ

31 Մայիսի 2007, 730 - Ն

ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1874-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատի գործունեության համար անհրաժեշտ ընդհանուր և բնակելի տարածքի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 1 հավելվածի.

2) ծերերի և հաշմանդամների ընդհանուր տիպի տուն-ինտերնատներում խնամվողներին հատկացվող սննդամթերքի չափաքանակների և էներգետիկ արժեքի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 2 հավելվածի: Խնամվողների սննդի օրական սպառման նվազագույն էներգետիկ արժեքը չպետք է պակաս լինի 2100 կկալ-ից, ընդ որում, խնամվողներին տրվող սննդի օրական չափաքանակում պարտադիր պետք է պարունակվի առնվազն 10-15 տոկոս սպիտակուց, 28-32 տոկոս ճարպ, 55-60 տոկոս ածխաջրատ.

3) ծերերի և հաշմանդամների հատուկ տիպի տուն-ինտերնատներում խնամվողներին հատկացվող սննդամթերքի չափաքանակների և էներգետիկ արժեքի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 3 հավելվածի: Խնամվողների սննդի օրական սպառման նվազագույն էներգետիկ արժեքը չպետք է պակաս լինի 2200 կկալ-ից, ընդ որում, խնամվողներին տրվող սննդի օրական չափաքանակում պարտադիր պետք է պարունակվի առնվազն 10-15 տոկոս սպիտակուց, 28-32 տոկոս ճարպ, 55-60 տոկոս ածխաջրատ.

4) ծերերի և հաշմանդամների ընդհանուր և հատուկ տիպի տուն-ինտերնատներում խնամվողներին հագուստով և անկողնային պարագաներով ապահովելու նվազագույն չափորոշիչները` համաձայն N 4 հավելվածի.

5) տնային պայմաններում ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի տրամադրման և սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչները` համաձայն N 5 հավելվածի.

6) սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնում հաճախորդներին հատկացվող սննդամթերքի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 6 հավելվածի.

7) ծերերի և հաշմանդամների ընդհանուր և հատուկ տիպի տուն-ինտերնատներում բժշկասոցիալական սպասարկման անձնակազմի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 7 հավելվածի.

8) տնային պայմաններում ծեր և հաշմանդամ քաղաքացիների սոցիալական սպասարկման կենտրոնի բժշկասոցիալական սպասարկման անձնակազմի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 8 հավելվածի.

9) սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնի բժշկասոցիալական սպասարկման անձնակազմի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 9 հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված նվազագույն չափորոշիչների ապահովման համար նախատեսվող ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: