Կառավարության որոշումներ

15 Փետրվարի 2007, 690 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիայի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ համաձայնեցնելուց հետո հաստատել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանների տեխնիկական ղեկավարների և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչների պատրաստման ու վերապատրաստման դասընթացների ուսումնական ծրագրերը և ապահովել մասնագետների պատրաստումը` սկսած 2007 թվականի հունիս ամսվանից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունիսի 25-ից: