Կառավարության որոշումներ

15 Հուլիսի 2004, 1045 - Ն

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) ընտանեկան բժշկի և բնակչության ազատ հավաքագրման սկզբունքով աշխատող` առողջության առաջնային պահպանման այլ մասնագետների (ներառյալ տեղամասային թերապևտները, մանկաբույժները, համապատասխան օժանդակ ծառայողները) կողմից իրականացված բժշկական օգնության և սպասարկման դիմաց լրացուցիչ փոխհատուցման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում առողջության առաջնային պահպանման կազմակերպման ու ֆինանսավորման նոր մեթոդների մշակման 2003-2004 թվականների փորձարարական ծրագրում ընդգրկված` բուժօգնություն և սպասարկում իրականացնող բուժհաստատությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետությունում առողջության առաջնային պահպանման կազմակերպման ու ֆինանսավորման նոր մեթոդների մշակման 2003-2004 թվականների փորձարարական ծրագրի շրջանակներում բնակչության ազատ հավաքագրում իրականացնող և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող` բժշկի ընտրության սկզբունքը փորձարարական կարգով ներդնող բուժհաստատությունների ցանկը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

ա) մինչև 2004 թվականի հուլիսի 30-ը մշակել և, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ, հաստատել սույն որոշման 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերով հաստատված ցանկերում ընդգրկված բուժհաստատությունների` առողջության առաջնային պահպանման ծառայությունների մասով բյուջետային եկամուտների բաշխման ու աշխատանքի` նոր մեթոդով վարձատրության մեթոդական ուղեցույցը.

բ) սույն որոշման 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերով հաստատված ցանկերում ընդգրկված բուժհաստատությունների հետ 2004 թվականին կնքված պայմանագրերում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 05 խմբի 03 ենթախմբի «01. 18 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց առողջության առաջնային պահպանման գծով պետական պատվեր» և «02. Մինչև 18 տարեկան երեխաների առողջության առաջնային պահպանման գծով պետական պատվեր» ծրագրերի շրջանակներում` սահմանված կարգով կատարել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգից բխող համապատասխան փոփոխություններ.

գ) Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի (Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող) շրջանակներում իրականացնել սույն որոշման 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերով հաստատված ցանկերում ընդգրկված բուժհաստատություններում ընտանեկան բժշկի և բնակչության ազատ հավաքագրման սկզբունքով աշխատող` առողջության առաջնային պահպանման այլ մասնագետների կողմից իրականացված բժշկական օգնության ու սպասարկման դիմաց փոխհատուցման և աշխատանքի վարձատրության նոր մեթոդների ներդրման ընթացքի շարունակական գնահատում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: