Կառավարության որոշումներ

10 Մայիսի 2007, 539 - Ն

ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԱՌԻ ՄԱՍԻՆ

Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող, ինչպես նաև Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ոռոգման նպատակով Սևանա լճից 2007 թվականի ոռոգման շրջանում Սևան–Հրազդան իռիգացիոն-էներգետիկ և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանել 120.0 մլն խոր. մետր:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումն ապահովել` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ, կախված եղանակային պայմաններից, Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի պլան-ժամանակացույցով նախատեսված` ամիսների և ամսվա կտրվածքով տասնօրյակներում կատարել ծավալային և ժամկետային փոփոխություններ:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը, գետի հունով, յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին բաց թողնել մեկ ժամով նախազգուշական ելք` 2.0 խոր. մետր/վրկ և երկու ժամով հիմնական ելք` 5.0 խոր.մետր/վրկ, ընդամենը` տարեկան` 0.65 մլն խոր. մետր:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հրազդան գետի բնական ելքերի փոփոխման և Ապարանի ջրամբարից Արզնի-Շամիրամ ջրանցքին նախատեսված դոտացիայի անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետով սահմանված` Սևանա լճից 2007 թվականի ոռոգման շրջանում ջրի բացթողման չափաքանակը համապատասխան փոփոխության ենթարկելու վերաբերյալ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: