1 Հուլիսի 2004, 987 - Ն
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 22-րդ հոդվածի 3-րդ, 26-րդ հոդվածի 1-ին մասերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895 որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման, դրա նկատմամբ վերահսկողության և վիճակախաղերի կազմակերպիչների կողմից տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 5-օրյա ժամկետում՝ վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա տալու մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին՝ վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով ժամկետանց պարտավորություններ (այդ թվում՝ տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում դրանց մասին փաստի արձանագրման պահից 5-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 29-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 426 որոշումը: