22 Փետրվարի 2007, 228 - Ն
ՌՍԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՌՍԴԻՈԱԿՏԻՎ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման և շահագործման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվության տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվության տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ստեղծել ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման և ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով) և հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի`
1) աշխատակարգը` համաձայն N 3 հավելվածի.
2) կազմը` համաձայն N 4 հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման և ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվությունները տրամադրվում են յուրաքանչյուր դեպքի համար` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի ներկայացմամբ.
2) ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիա և հատուկ լիցենզիա ունեցող ընդերքօգտագործողներն ուսումնասիրության ընթացքում ռադիոակտիվ տարրեր պարունակող օգտակար հանածոների կուտակումներ հայտնաբերելու դեպքում դրանց հետազոտման և հետագա հետախուզման համար պետք է ստանան ընդերքօգտագործման հատուկ թույլտվություն` սույն որոշմամբ հաստատված կարգով.
3) ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման և շահագործման նպատակով սույն որոշման պահանջներին համապատասխան տրամադրված ընդերքօգտագործման հատուկ թույլտվությունը կարող է փոխանցվել կամ գրավ դրվել` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.
4) ռադիոակտիվ նյութերի շահագործման (օգտագործման) և ռադիոակտիվ թափոնների թաղման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն և «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 1489-Ն որոշումներով, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի լիցենզավորման կարգերով և այլ իրավական ակտերով:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) 15 օրվա ընթացքում հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը.
2) երկու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել թաղման ենթակա ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզը` համապատասխան կոորդինատային ցանցով և ըստ թափոնի տեսակի` հաշվի առնելով միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը.
3) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման վերաբերյալ առաջարկություն.
4) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարների դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ առաջարկություն:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում` սահմանված կարգով հաստատել վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների վնասազերծման ու թաղման պահեստարանների նախագծման շինարարական նորմերն ու կանոնները:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում` սահմանված կարգով հաստատել`
1) վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների թաղման պահեստարանների նախագծման, շինարարության և շահագործման սանիտարական կանոնները.
2) վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների կուտակման, տեղափոխման, վնասազերծման ու թաղման սանիտարական կանոնները:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: