25 Հունիսի 2004, 915 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի և «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունիսի 11-ի օրենքին համապատասխան և Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման`
ա) NN 1, 3, 4, 5 հավելվածներում և N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների.
բ) N 5 հավելվածի աղյուսակները լրացնել նոր` N 17-Ա և N 17-Բ աղյուսակներով` համաձայն NN 6 և 7 հավելվածների:
2. Սահմանել, որ`
1) համայնքներին սուբվենցիաների հատկացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքների ղեկավարների և այդ սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև կնքված սուբվենցիաների հատկացման պայմանների մասին պայմանագրերի առկայության դեպքում.
2) համայնքների կողմից սուբվենցիաների գումարների նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են այդ սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները.
3) եթե «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունիսի 11-ի օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված հատկացումների հաշվին կապիտալ շինարարության և կապիտալ նորոգման, այդ թվում` ճանապարհաշինության աշխատանքների գնման դեպքում նախատեսվում է, որ պատվիրատուն`
ա) մինչև աշխատանքի ամբողջ ծավալով կատարումը կապալառուին պետք է կատարի վճարումներ, այդ թվում` կանխավճարի ձևով, ապա գնման պայմանագրով նախատեսվում է, որ յուրաքանչյուր դեպքում վճարում իրականացնելիս պատվիրատուն վճարման ենթակա գումարի 10 տոկոսի չափով կատարում է պահումներ: Աշխատանքն ընդունելուց հետո պատվիրատուն կապալառուին վճարում է կատարված պահումների գումարի 50 տոկոսը, իսկ մնացած գումարը վճարվում է աշխատանքի արդյունքի համար սահմանված երաշխիքային ժամկետի ավարտից հետո: Եթե երաշխիքային ժամկետի ընթացքում հայտնաբերվել կամ առաջացել են թերություններ, ապա պահված գումարը կապալառուին վճարվում է վերջինիս հաշվին թերությունների վերացումից և դրանք պատվիրատուի կողմից ընդունվելուց հետո: Գնման պայմանագրով երաշխիքային ժամկետ է սահմանվում պատվիրատուի կողմից ամբողջ ծավալով աշխատանքն ընդունելու օրվան հաջորդող օրվանից հաշված 365 օրացուցային օրը,
բ) կատարվելիք աշխատանքների դիմաց գումարները կապալառուին պետք է վճարի ամբողջ ծավալով աշխատանքն ընդունվելուց հետո, ապա գնման պայմանագրով նախատեսվում է, որ կապալառուին վճարվում է գումարի 95 տոկոսը, իսկ մնացած գումարը պահվում է և վճարվում աշխատանքի արդյունքի համար սույն կետի «ա» ենթակետի համաձայն սահմանված երաշխիքային ժամկետի ավարտից հետո: Եթե երաշխիքային ժամկետի ընթացքում հայտնաբերվել կամ առաջացել են թերություններ, ապա պահված գումարը կապալառուին վճարվում է վերջինիս հաշվին թերությունների վերացումից և դրանք պատվիրատուի կողմից ընդունվելուց հետո:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
ա) համաձայնել, որ եթե օրենքով նախատեսված հատկացումների հաշվին`
1) կապիտալ շինարարության և կապիտալ նորոգման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին շինարարական աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները և այդ փաստաթղթերի փորձաքննության անցկացման ծառայությունները պետք է ամբողջ ծավալով ձեռք բերվեն գնման պահանջի ծագման օրվանից հաշված 30 օրացուցային օրվա ընթացքում, գնման պահանջի ծագման օրը համարելով օրենքն ուժի մեջ մտնելու օրը, ապա պատվիրատուն կարող է այդ աշխատանքների գնումներն իրականացնել մեկ աղբյուրից գնման ձևով` մեկ անձի պահանջ ներկայացնելու միջոցով,
2) ձեռքբերված և սահմանված կարգով հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա կապիտալ շինարարության և կապիտալ նորոգման աշխատանքները պետք է ամբողջ ծավալով ձեռք բերվեն գնման պահանջի ծագման օրվանից հաշված 30-90 օրացուցային, իսկ գնումների բազային միավորի 500-ապատիկը գերազանցող աշխատանքների գնման դեպքում` մինչև 105 օրացուցային օրվա ընթացքում, գնման պահանջի ծագման օրը համարելով նախագծանախահաշվային փաստաթղթերի սահմանված կարգով հաստատման օրը, ապա պատվիրատուն կարող է այդ աշխատանքների գնումներն իրականացնել մեկ աղբյուրից գնման ձևով` գնանշման միջոցով,
3) կապիտալ շինարարության — կապիտալ նորոգման աշխատանքները, նախկինում սահմանված կարգով հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, պետք է ամբողջ ծավալով ձեռք բերվեն գնման պահանջի ծագման օրվանից հաշված 30-90 օրացուցային, իսկ գնումների բազային միավորի 500-ապատիկը գերազանցող աշխատանքների գնման դեպքում` մինչև 105 օրացուցային օրվա ընթացքում, գնման պահանջի ծագման օրը համարելով օրենքն ուժի մեջ մտնելու օրը, ապա պատվիրատուն կարող է այդ աշխատանքների գնումներն իրականացնել մեկ աղբյուրից գնման ձևով` գնանշման միջոցով,
4) կապիտալ շինարարության և կապիտալ նորոգման աշխատանքների, այդ թվում` նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները և այդ փաստաթղթերի փորձաքննության անցկացման ծառայությունները պետք է ամբողջ ծավալով ձեռք բերվեն ավելի երկար ժամկետներում, քան պահանջվում է մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով` գնանշման միջոցով, ապա այդ գնումները պատվիրատուն պետք է իրականացնի մրցույթի ձևով,
5) կապիտալ շինարարության և կապիտալ նորոգման աշխատանքները նախատեսվում է իրականացնել մինչև օրենքն ուժի մեջ մտնելու օրը` սաhմանված կարգով կնքված և գործող պայմանագրերում փոփոխություններ կատարելու միջոցով, ապա պատվիրատուն կարող է այդ պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ,
6) կապիտալ շինարարության և կապիտալ նորոգման աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով միջոցներ նախատեսված չեն և այդ աշխատանքների ձեռքբերման ընթացքում կծագի նշված փաստաթղթերի մշակման աշխատանքների և այդ փաստաթղթերի փորձաքննության անցկացման ծառայությունների ձեռքբերման անհրաժեշտություն, ապա պատվիրատուն այդ փաստաթղթերի ձեռքբերման նպատակով հատկացումներ նախատեսելու համար կապիտալ շինարարության ու կապիտալ նորոգման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով նախատեսված միջոցներից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև կարող է կատարել համապատասխան վերաբաշխումներ` դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը: Ընդ որում, եթե նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները և այդ փաստաթղթերի փորձաքննության անցկացման ծառայությունները պետք է ամբողջ ծավալով ձեռք բերվեն գնման պահանջի ծագման օրվանից հաշված 30 օրացուցային օրվա ընթացքում, գնման պահանջի ծագման օրը համարելով հոդվածային վերաբաշխում կատարելու օրը, ապա պատվիրատուն կարող է այդ գնումներն իրականացնել մեկ աղբյուրից գնման ձևով` մեկ անձի պահանջ ներկայացնելու միջոցով.
բ) համաձայնել, որ օրենքով նախատեսված հատկացումների հաշվին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պ.Խ. Մ-4-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Ծաղկահովիտ - Թովուզ - Բերդ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հ-22 Պ.Խ. Մ-6-Դսեղ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա-Վրաստան սահմանների ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների գնումները Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից կիրականացվի մեկ աղբյուրից գնման ձևով` մեկ անձի պահանջ ներկայացնելու միջոցով, պայմանով, որ այդ աշխատանքները պետք է ամբողջ ծավալով ձեռք բերվեն գնման պահանջի ծագման օրվանից հաշված 90 օրացուցային օրվա ընթացքում` գնման պահանջի ծագման օրը համարելով այդ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի սահմանված կարգով հաստատման օրը.
գ) օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին`
1) իրականացվելիք կապիտալ շինարարության և կապիտալ նորոգման աշխատանքների ֆինանսավորումը կատարել այդ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայությամբ,
2) համայնքներին սուբվենցիաների հատկացումն իրականացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքների ղեկավարների և այդ սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև կնքված սուբվենցիաների հատկացման պայմանների մասին պայմանագրերի առկայությամբ:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք կապիտալ շինարարության և կապիտալ նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում, սեղմ ժամկետներում ապահովել դրանց մշակումն ու սահմանված կարգով հաստատումը, նկատի ունենալով, որ այդ փաստաթղթերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նշված աշխատանքների ֆինանսավորում չի իրականացվում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։