Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2004, 913 - Ն

«ԲԺՇԿԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ԲԺՇԿԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոն» պետական հիմնարկի իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան:

3. Հաստատել «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

4. «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «ե», «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

5. Սահմանել, որ «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը հետբուհական կրթական (այդ թվում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն` առանց սահմանների» ծրագրի), գիտական ու հրատարակչական գործունեության իրականացումն է:

6. Թույլատրել «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա) հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում,

բ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում,

գ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում,

դ) հրատարակչական գործ,

ե) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում:

7. «Բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոն» պետական հիմնարկի վերակազմակերպման պահին նրա տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ 10914469 դրամ ընդհանուր արժեքով, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոն» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ` 313078231 դրամ ընդհանուր արժեքով գույքը «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել անհատույց օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ մեկամսյա ժամկետում`

ա) ապահովել «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

բ) հաստատել կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը, ինչպես նաև փոխանցման ակտը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: