3 Մայիսի 2004, 910 - Ն
ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևանի Նորք-Մարաշ թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող` անտառային նպատակային նշանակության հողերից առանձնացնել 46,5 հեկտար մակերեսով հողամասեր և ընդգրկել բնակավայրերի նպատակային նշանակության դասակարգման մեջ:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ մեկամսյա ժամկետում ներկայացնել Երևան քաղաքի հեռուստակենտրոնի շրջակա տարածքում անտառազուրկ 56,7 հեկտար մակերեսով հողամասում անտառի վերականգնման ծրագիր:
3. Սույն որոշման 1-ին ու 2-րդ կետերում նշված հողերում հողօգտագործման և գույքային իրավունքներով ծանրաբեռնվածությունների հաշվառման ու գույքագրման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
4. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ երկամսյա ժամկետում` հաշվառման ու գույքագրման արդյունքները և դրանց հիման վրա արված առաջարկությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի և Երևանի քաղաքապետի հետ համատեղ ուսումնասիրել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող` անտառային նպատակային նշանակության հողերում հողօգտագործման, գույքային իրավունքներով ծանրաբեռնվածությունների փաստացի իրավիճակը և, ըստ անհրաժեշտության, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ դրանց հետագա կարգավիճակի և հողամասերի նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: