Կառավարության որոշումներ

17 Մայիսի 2004, 909 - Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը` Երևանի գլխավոր պողոտայում քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու նպատակով պետության կարիքների համար վերցված տարածքում կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման հայտ ներկայացրած «Էլիտ Փրոջեքտ Շին», «Գլենդել Հիլ», «Գրիար»,«Ավանտուր», «ԳԱՊ բնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին և Մելիք Գասպարյանին հողամասեր տրամադրելու մասին, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ, 74-րդ ու 76-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1151-Ն ու 2004 թվականի մարտի 4-ի N 333-Ն որոշումներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին կնքել կառուցապատման իրավունքի պայմանագրեր` առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով, 3 տարի ժամկետով`

ա) «Էլիտ Փրոջեքտ Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ` Երևանի գլխավոր պողոտայի՝ Արամի փողոցին հարող հատվածից 2850.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 3600.0 քառ. մետր.

բ) Մելիք Գասպարյանի հետ` Երևանի գլխավոր պողոտայի` Ամիրյան փողոցին հարող հատվածից 4200.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար Մելիք Գասպարյանի կողմից իրացվելու է 5384.0 քառ. մետր.

գ) «Գլենդել Հիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ` Երևանի գլխավոր պողոտայի՝ Բուզանդի փողոցին հարող հատվածից 2400.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 3078.0 քառ. մետր.

դ) «Գրիար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ` Երևանի գլխավոր պողոտայի՝ Բուզանդի փողոցին հարող հատվածից 6200.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 8000.0 քառ. մետր.

ե) «Ավանտուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ` Երևանի գլխավոր պողոտայի՝ Բուզանդի փողոցին հարող հատվածից 4200.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 5384.0 քառ. մետր.

զ) «ԳԱՊ բնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ` Երևանի գլխավոր պողոտայի՝ Արամի փողոցին հարող հատվածից 3000.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 3850.0 քառ. մետր:

2. Սահմանել, որ`

ա) որոշման 1-ին կետով կառուցապատման իրավունք ձեռք բերած անձինք համապատասխան հողամասերում իրացման աշխատանքներն ավարտելուց հետո ձեռք են բերում այդ հողամասերի վարձակալության իրավունք` 99 տարի ժամկետով, հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով, գնման նախապատվության իրավունքով` սույն որոշման ընդունման պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով.

բ) հողամասերը գույքային իրավունքներով ծանրաբեռնվածություններից և շինություններից ազատվում, ու ինժեներական ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն իրականացվում են կառուցապատողների միջոցների հաշվին:

3. Վարձակալության պայմանագրում ամրագրել կառուցապատողների կողմից նոր ստեղծվող գույքի՝ կառուցվող շենքերի վերգետնյա ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի հաշվարկով «Հյուսիսային պողոտա և Կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) հաշվին փոխանցման պարտավորություն` 20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, որպես օժանդակություն քաղաքի կառուցապատման ծրագրերին: