1 Փետրվարի 2007, 120 - Ն
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին օտարել գերմանական AXISA անշարժ գույքի գործակալության կողմից գնահատված Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության` Բեռլինի Ռայնիկենդորֆ շրջանի Հերսդորֆ թաղամասի Հիլլմաննշտրասե 5 հասցեում գտնվող շենքը` 457.000 եվրո շուկայական արժեքով` ուղղակի վաճառքի միջոցով` պայմանով, որ Գերմանիայի հայոց առաջնորդարանի և Գերմանիայի հայ գործարարների միության աջակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլինի Շառլոթենբուրգ շրջանի Նուսսբաումալլե N 4 հասցեում գտնվող շենքն առուվաճառքի պայմանագրի հիման վրա սեփականության իրավունքով հանձնվի Հայաստանի Հանրապետությանը։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության` Բեռլինի Ռայնիկենդորֆ շրջանի Հերսդորֆ թաղամասի Հիլլմաննշտրասսե 5 հասցեում գտնվող շենքի վաճառքից գոյացած գումարներն ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 28-ի N 438-կգ որոշմամբ նախատեսված վարկի 386382 եվրոյի չափով մարմանը, ինչպես նաև 37616 եվրոյի չափով գումարը` գործող պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցնելու համար, իսկ 3914 եվրո սեփականատերերին` իրենց կողմից կատարված այլ ծախսերի համար: Վարկի մարումից հետո մնացած գումարի մնացորդը` 29088 եվրոյի չափով ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
ա) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլինի Շառլոթենբուրգ N 4 հասցեում գտնվող շենքի առուվաճառքի պայմանագրի կնքումը և դրանից ծագող Հայաստանի Հանրապետության գույքային իրավունքների պետական գրանցումը.
բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլինի Շառլոթենբուրգ շրջանի Նուսսբաումալլե N 4 հասցեում գտնվող շենքը հաշվառել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաշվեկշռում: