Կառավարության որոշումներ

5 Ապրիլի 2007, 389 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում սահմանելու Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերից բարձր դրույքաչափ, ինչպես նաև աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին խրախուսելու նրանց` բարեխիղճ աշխատանքի համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2007 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: