7 Մարտի 2007, 372 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ լիազորել իրենց համակարգի աշխատողներին կամ այլ անձանց հանդես գալու Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` Հայաստանի Հանրապետության դատարաններում:
2. Սահմանել, որ, եթե Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված է դրամական պահանջով, ինչպես նաև այնպիսի ոչ դրամական պահանջով հայցադիմում, որն ամբողջությամբ կամ մասնակի բավարարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության համար հետագայում կառաջացնի դրամական պարտավորություններ, ապա Հայաստանի Հանրապետության դատարաններում Հայաստանի Հանրապետության կառավարության անունից հանդես գալու լիազորությունները տրվում են սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների համակարգի աշխատողներին կամ այլ անձանց` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատողի հետ համատեղ:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների սահմանները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշում են սույն որոշման 1-ին կետում նշված պաշտոնատար անձինք:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ պետք է նախապես համաձայնեցվեն լիազորված անձի կողմից հետյալ գործողություններից որևէ մեկի կատարումը`
1) դրամական պահանջով հայցն ամբողջությամբ կամ մասամբ ընդունելը.
2) դրամական պահանջներով հայցերի դատական քննության ընթացքում այնպիսի հաշտության համաձայնություն կնքելը, որով դրամական պարտավորություն կդրվի Հայաստանի Հանրապետության վրա.
3) ոչ դրամական պահանջով հայցն ամբողջությամբ կամ մասամբ ընդունելը կամ այնպիսի հաշտության համաձայնություն կնքելը, որը Հայաստանի Հանրապետության համար հետագայում կառաջացնի դրամական պարտավորություններ:
5. Սույն որոշման դրույթները չեն տարածվում սույն որոշման 1-ին կետով նախատեսված անձանց դեմ դատական պահանջներ ներկայացնելու դեպքերի վրա։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։