Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2004, 833 - Ն

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) ընթացիկ քաղաքականության, ինչպես նաև ներքին, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական անվտանգության վերլուծություններն ու մշակումները,

բ) ռազմավարական վերլուծությունները և մշակումները,

գ) տեղեկատվության համակարգումը և վերլուծությունը,

դ) Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների ու նախագծերի մշակումը,

ե) սոցիալ-քաղաքական ու տնտեսական վերլուծությունները և մշակումները,

զ) ազգային անվտանգության հայեցակարգի մշակումը,

Է) հասարակական տրամադրությունների և նախապատվությունների բացահայտումը, կանխատեսումը և համարժեք առաջարկություններ ներկայացնելը:

3. Թույլատրել «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) գիտահետազոտական աշխատանքների իրականացում,

բ) փորձագիտական և խորհրդատվական գործունեության իրականացում,

գ) հրատարակչական գործ,

դ) տպագրական գործ և ծառայությունների մատուցում այդ բնագավառում,

ե) գիտական վերլուծությունների իրականացում:

4. «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասով, 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հետ համաձայնեցնելով` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը և արժեքը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: