1 Մարտի 2007, 369 - Ն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԵՐԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել սոցիալական ապահովության քարտ չունեցող անձանց 2005 թվականի և 2006 թվականի պետական նպաստները նշանակելու և վճարելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) 2005 թվականի և 2006 թվականի ընթացքում պետական նպաստի իրավունքը ճանաչված անձանց պետական նպաստները վճարել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական նպաստների համապատասխան ծրագրերով նախատեսված ֆինանսական միջոցներից` ըստ փաստացի նշանակումների մասին հայտի.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված վճարման հաշվառումը և հաշվետվությունները կատարել առանձին` յուրաքանչյուր ամիս.
3) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 2005 թվականի և 2006 թվականի ժամանակահատվածի համար պետական նպաստի իրավունքը ճանաչված անձանց պետական նպաստների փաստացի վճարումներով պայմանավորված լրացուցիչ ծախսերը կատարելու վերաբերյալ առաջարկություն:
3. Սահմանել, որ`
1) նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդի դիմաց փոխհատուցում (այսուհետ` փոխհատուցում) ստանալու իրավունք ունեցող անձանց տվյալների տեղեկատվական բազայում ներառվում են սոցիալական ապահովության քարտ չունեցող այն անձանց տվյալները, որոնց ընտանիքի` սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան ընտանեկան նպաստի վերականգնված իրավունքն ընդգրկում է 2005 թվականի հուլիսի 1-ից մինչև 2006 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածը, և տվյալ անձը դասվում է «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի 2-րդ կետով նախատեսված սոցիալական որևէ խմբին.
2) փոխհատուցում ստանալու համար անձը մինչև 2007 թվականի հուլիսի 1-ը դիմում է իր բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 352-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթերը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ստեղծել վարչական լսումներ իրականացնող հանձնաժողով` վիճահարույց հարցերը նշված օրենքով սահմանված վարչական կարգով լուծելու նպատակով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2007 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: