20 Մայիսի 2004, 852 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 284 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 311-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձանց ստացած եկամուտներից եկամտահարկի վճարման և հայտարարագրման կարգը հաստատելու մասին» N 284 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «բ» ենթակետը.
բ) որոշմամբ հաստատված կարգում`
3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից եկամուտներ ստացող ֆիզիկական անձինք պարտավոր են յուրաքանչյուր ամիս կատարել եկամտահարկի վճարների մուծումներ՝ տվյալ ամսվա համախառն եկամտի (հաշվի առնելով միայն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված նվազեցումները) 10 տոկոսի չափով՝ յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա` այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ».
4-րդ կետի`
առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ֆիզիկական անձը դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից ստացած եկամուտները ներառում է տարեկան եկամուտների մասին հայտարարագրում՝ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով, և եկամտահարկը հաշվարկում է նույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերով՝ սահմանված կարգով հաշվարկված տարեկան հարկվող եկամտից, հաշվանցելով հաշվետու տարվա համար սույն կարգի
3-րդ կետին համապատասխան մուծված եկամտահարկի վճարները:
Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված եկամտահարկի վճարների մուծումների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է հաշվանցման` հարկատուի այլ հարկային պարտավորությունների հաշվին, կամ վերադարձման՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն:
Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարն ավելի է տվյալ տարվա համար կատարված եկամտահարկի վճարների մուծումների հանրագումարից, ապա հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետում վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե»,
երկրորդ պարբերությունում «եռամսյակում» բառը փոխարինել «տարում» բառով.
ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը.
6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ֆիզիկական անձինք պարտավոր են դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից ստացված եկամուտներից հայտարարագրի հիման վրա հաշվարկված` վճարման ենթակա եկամտահարկի գումարը վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` մինչև նշված եկամուտներն ստանալու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա` այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը)».
ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը։