12 Ապրիլի 2007, 408 - Ն
2007 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի ապրիլի 12-ի «2007 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ 86/1-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի: Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին`
1) 2007 թվականի գարնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` ապրիլ-հունիս ամիսների ընթացքում.
2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության դատախազության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`
1) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.
2) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող` զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձման համար:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևերից) ղեկավարներին`
1) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրենց իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`
1) 2007 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.
3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովներում բժիշկների թափուր տեղերի առկայության դեպքում ընտրություն (նշանակում) իրականացնելու նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին հանձնարարել ձեռք բերել անհրաժեշտ թվով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ ու երևակման նյութեր։
9. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) ապահովել զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում.
2) ապահովել զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
3) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության 2 անձնակազմ:
10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով գարնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) 2007 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրման և ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`
ա. դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում` մինչև 2007 թվականի հունիսի 25-ը,
բ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2007 թվականի հունիսի 1-ը.
2) մագիստրոսական և ասպիրանտական կրթություն իրականացնող բուհերում և գիտական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակներում (տարկետման իրավունքով) մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություններն ավարտել մինչև 2007 թվականի հունիսի 20-ը։
14. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: