Կառավարության որոշումներ

22 Մարտի 2007, 338 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 1 հավելվածի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«37. Կալանավորվածներին պահելու վայր ընդունվելիս (այդ թվում` տարանցմամբ) անձինք անցնում են նախնական բժշկական զննություն, որի արդյունքներն արձանագրվում են համապատասխան մատյանում` բժշկական օգնություն ցույց տալու և մարմնական վնասվածք կամ առողջական վիճակի վերաբերյալ այլ գանգատ արձանագրելու նպատակով: Կալանավորված անձի կամ դատապարտյալի բժշկական զննության արձանագրումը պետք է ներառի`

1) բժշկական զննության ենթակա անձի կողմից արված բոլոր հայտարարությունների ամբողջական պատկերը (ներառյալ իր առողջական վիճակի նկարագրությունը և վատ վերաբերմունքի մասին ցանկացած հայտարարություն).

2) օբյեկտիվ բժշկական զննության արդյունքների ամբողջական պատկերը.

3) բժշկի եզրակացությունը` հիմնված սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի վրա:

Բոլոր բժշկական զննությունները պետք է անցկացվեն քրեակատարողական կամ այլ ծառայողների լսողության և տեսողության սահմաններից դուրս:

Եթե բժշկական զննության արդյունքում հայտնաբերված մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատը, ըստ կալանավորված անձի կամ դատապարտյալի հայտարարության, հետևանք է նրա նկատմամբ հանցագործության հատկանիշներ պարունակող որևէ արարքի, ապա բժշկական զննություն իրականացնող անձը դրա մասին տեղյակ է պահում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը դրա մասին անհապաղ տեղյակ է պահում իրավասու մարմիններին:

Ցանկացած բժշկական զննության արդյունքները, ինչպես նաև կալանավորված անձի հայտարարությունները և բժշկի եզրակացությունները պետք է մատչելի լինեն կալանավորված անձի կամ դատապարտյալի և վերջինիս կողմից լիազորված անձի համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։