Կառավարության որոշումներ

22 Մարտի 2007, 337 - Ն

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՍԱԿԱՎԱՊԱՀՈՎ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ճապոնիայի կառավարության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանը 110 մլն իեն գումարի չափով տրամադրված ապրանքների տնօրինումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը

ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2006 թվականի մարտի 9-ին փոխանակված հայտագրի համաձայն Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհի հաշվին 2007 թվականին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համար նրա ներկայացուցիչ «Նուռնուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հասցեով ներկրված 362 տոննա պարարտանյութը, 11 միավոր տրակտորը և 5 միավոր հացահատիկահավաք կոմբայնն իրացնել աճուրդային կարգով:

2. Սահմանել ապրանքների վաճառքի նվազագույն գինը` ելնելով գործարանային (ՖՕԲ) արժեքից` 2006 թվականի մարտի 9-ին փոխանակված հայտագրի 6-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` պարարտանյութի մեկ տոննայի համար` 130 հազ. դրամ, տրակտորի մեկ միավորի համար` 2,5 մլն դրամ, կոմբայնի մեկ միավորի համար`

10,5 մլն դրամ:

3. Սահմանել, որ`

1) աճուրդի կազմակերպիչն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով.

3) վաճառված գյուղատնտեսական տեխնիկայի և պարարտանյութի իրացումից գոյացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվեհամարին և օգտագործվում են Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար.

4) աճուրդն իրականացնող գործակալի կողմից կատարված ծախսերը հատուցվում են ապրանքների իրացումից գոյացած միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) հիմք ընդունելով 2000 թվականի օգոստոսի 2-ին կնքված պահառության պայմանագիրը` «Նուռնուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցով ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի ստացումը, մաքսային ձևակերպումը, բեռնաթափումը, կարգաբերումը, ապակոնսերվացումը, հավաքումը և պահպանումը.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրել պարարտանյութի ստացումը, մաքսային ձևակերպումը, բեռնաթափումը և պահպանումն իրականացնող պահառու:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

1) ապրանքների ստացման, մաքսային ձևակերպման, բեռնաթափման, ապակոնսերվացման, հավաքման, կարգաբերման և պահպանման ծախսերը փոխհատուցել ապրանքների իրացումից գոյացած միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրել աճուրդն իրականացնող գործակալ` նրա հետ կնքելով գործակալության պայմանագիր.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետություն ներկրված ապրանքների աճուրդով իրացման կարգը:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքները եռամսյա ժամկետում չիրացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրանց հետագա տնօրինման վերաբերյալ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: