15 Մարտի 2007, 334 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 587-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ ենթակետերով.
«3.1. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց մոտ տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը, ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցն ու առողջապահական ազգային ծրագրերը համակարգող հանրապետական միջգերատեսչական խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N 316 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1680-Ն որոշմամբ հաստատված` տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրից բխող առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետների կողմից (տեղամասային թերապևտ, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ) իրականացվում են պարտադիր հետազոտություններ` համաձայն N 5 հավելվածի:
3.2. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային հետազոտության ավարտից հետո, տուբերկուլյոզի հայտնաբերման դեպքում, կազմակերպվում է տեղեկատվության անհապաղ փոխանցում տարածաշրջանային զինկոմիսարիատ` նրանց հետագա հաշվառման և վերահսկողության կազմակերպման նպատակով` Հայաստանի Հանրապետության պոլիկլինիկաներում ստեղծված տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետներում: Հետագա հիվանդանոցային, դիսպանսեր կամ ամբուլատոր և վերականգնողական (առողջարանային) բուժումը կազմակերպվում է ըստ զինապարտների բնակության վայրերի` տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետների կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1680-Ն որոշմամբ հաստատված` տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրով:».
2) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային բուժումն իրականացվում է գարնանային և աշնանային զորակոչի, ինչպես նաև զորակոչից դուրս ընկած ժամանակահատվածում, և նրանց նկատմամբ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի ավագ բժշկի և տվյալ տարիքի պատանիների բուժսպասարկման համար առանձնացված առաջնային օղակի մասնագետի կողմից սահմանվում է շարունակական հսկողություն:».
3) որոշումը լրացնել N 5 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: